Երևանի ավագանու այսօրվա նիստում կրքեր են բորբոքվել տեղական տուրքերից մեկի՝ արտաքին գովազդի տուրքի դրույքաչափի հետ կապված: Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Նաիրա Նահապետյանը ԲՀԿ խմբակցության ղեկավարին մեղադրել է ստելու մեջ, երբ Թամար Պողոսյանը իր ելույթում ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է, որպեսզի տուրքերի չափն իջեցվի՝ նկատի ունենալով տնտեսական ներկա բարդ պայմանները:

 

Նաիրա Նահապետյանն իր մեղադրանքը հիմնավորել է այն հանգամանքով, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկել է ոչ թե իջեցնել, այլ ընդհակառակը բարձրացնել դրույքաչափերը:

 

«Ձեր հանձնաժողովականները նիստի ժամանակ ելույթ ունեցան և առաջարկեցին տուրքերը բարձրացնել, որ բյուջե ավելի շատ գումար մտնի: Իսկ ի տարբերություն ձեզ «Հանրապետական» խմբակցությունը՝ դեմ արտահայտվելով բարձրացմանը, առաջարկեց, որ տուրքերը պահպանվեն այն սահմանում, որը եղել է վերջին երկու տարիներին:

 

Հիմա չեմ հասկանում, ինչու՞ եք փորձում մարդկանց գցել թյուրիմացության մեջ: Հանձնաժողովում առաջարկում եք բարձրացնենք, իսկ այստեղ լրիվ հակառակը»,- ասել է Նաիրա Նահապետյանն ու առաջարկել չստել: