Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում ՔԱՆ ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը եւ Հրայր Մանուկյանը ներկայացրին «Արեւելյան գործընկերության ձեւաչափի շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի արդյունքները 2010-2012թթ.» զեկույցը, որը նախապատրաստվել է կազմակերպության կողմից' Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի հետ համագործակցաբար, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես նշեց համազեկուցողներից Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստանում Եվրոպական ինտեգրացիայի հարցում գոյություն ունի լայն կոնսենսուս, ինչի շնորհիվ այդ գործընթացը ընթանում է առաջանցիկ տեմպով: Ոչ միայն իշխանությունը եւ ընդդիմությունը ներկայացնող ուժերը, այլեւ քաղաքացիական հասարակությունը այս կամ այն ձեւաչափով ներգրավված են նշված գործընթացում: Խորհրդարանական ուժերի դեպքում դա Եվրոնեսթ միջխորհրդարանական ձեւաչափն է, իսկ քաղաքացիական հասարակության դեպքում՝ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Ներկայացնելով զեկույցը՝ Հրայր Մանուկյանը թվարկեց այն հիմնական պահանջները, որոնք դրված են Եվրամիության կողմից ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման բանակցությունների հիմքում: Դրանցից կարելի է առանձնացնել Եվրասիական միության շրջանակներում առաջարկվող մաքսային միությանը Հայաստանի անդամակցության անհամատեղելիությունը, որի մասին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչել է հստակ ուղերձ: Կան նաեւ մի շարք չափանիշներ, որոնց հասնելու համար Հայաստանը պետք է շտապ իրականացնի ընդգրկուն բարեփոխումներ, որոնց դեպքում անչափ օգտակար կարող է լինել Վիշեգրադյան եռյակի՝ Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի փորձը: Մեր երկրի դեպքում ավելանում է նաեւ ս.թ. փետրվարի 13-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում օրինականության եւ միջազգային չափանիշների պահպանման խիստ անհրաժեշտությունը: