Չնայած այն բանին, որ հանրության շրջանում կային հստակ ակնկալիքներ, որ նոր կոալիցիայի ստեղծմամբ մեր երկրում պետական կառավարման համակարգը կբարձրացվի մի նոր մակարդակի ու կդառնա յուրօրինակ սկզբնակետ երկրի կյանքում, սակայն, ինչպես կյանքն է փաստում, այդ ակնկալիքները սին դուրս եկան, ու ոչինչ էլ, խոշոր հաշվով, չփոխվեց:


Հայտնի է, որ կոալիցիոն կառավարության շրջանակներում որոշում էր կայացվել Շիրակի հանրապետական մարզպետին փոխարինել դաշնակցական Հովսեփ Սիմոնյանով, ով էլ, ինչպես գիտեք, արդեն իսկ անցել է իր բուն լիազորություններին: Բայց արի ու տես, որ դաշնակցական այս պաշտոնյան, դեռ նոր-նոր ստանձնելով իր լիազորությունները, արդեն իսկ սկսել է սեփական ուղղումներն ու շտկումները մտցնել մարզպետարանում ու ձեռնամուխ է եղել սեփական կադրերի՝ համակարգ ներդրմանը՝ չնայած ի սկզբանե նրա կողմից հնչեցրած հավաստիացումներին, թե կադրային ջարդ չի իրականացնելու:


Պարզվում է՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց Սիմոնյանը մարզպետարանի երկու աշխատակցի արդեն իսկ հասցրել է ազատել աշխատանքից՝ նրանց փոխարեն նշանակելով իր կուսակիցներին։ Մասնավորապես՝ պարզվում է, որ Սիմոնյանն աշխատանքից ազատել է նախկին մարզպետի օգնականներ Արաքսյա Կիրակոսյանին և Տիգրան Շահբազյանին: Նրանց փոխարեն մարզպետի օգնական են դարձել դաշնակցականներ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը։ Ավելին՝ Սիմոնյանն իր կայացրած որոշումներում, պարզվում է, այնքան անհողդողդ է, որ լրագրողների այն հարցին, թե ինչով կբացատրի իր այդ որոշումը, «խրոխտաբար» արտահայտվել է. «Ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ» տալու բան ոչ մեկին չունեմ…»:


Հանրահայտ իրողություն է այն, որ Շիրակի մարզը երկրի ամենաաղքատ ու խոցելի մարզն է, որում խտացված կերպով արտացոլվում են Հայաստանի բոլոր խնդիրերն անխտիր. արտագաղթ, աղքատություն, կամայականություն, անտերություն, ահա այն բոլոր արատները, որ բնութագրական են այս մարզին: Հիմա հարց է բարձրանում՝ արդյոք Սիմոնյանը տեղյա՞կ է իր մարզի խնդիրներից կամ գոնե ինչ-որ պատկերացում ունի՞, թե շիրակցին ինչպես է լուծում իր հանապազօրյա հացի խնդիրը, թե՞ նրա համար ամենակարևորը յուրայիններին տաքուկ աշխատասենյակներում տեղավորելն է լոկ… Փոխարենը փորձառու աշխատակիցներին իր կողքին պահելու ու դեռ մի բան էլ նրանց խորհուրդներից օգտվելու՝ մարդը զբաղված է սեփական կուսակիցների՝ դաշնակցականների կոմֆորտն ապահովելով:


Ցավոք, պետք է ամրագրենք այն ցավալի փաստը, որ խնդիրն այս ամենևին էլ Շիրակի մարզով չի սահմանափակվում. այն բնութագրական է մեր երկրի ողջ պետական ապարատին: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային ու դրա հետ կապված հույսերին, ապա կարծում ենք՝ արդեն իսկ պարզ է, որ այն, խոշոր հաշվով, ոչ մի էական ազդեցություն չունեցավ մեր երկրի կյանքում, այլ ընդամենը տեղի ունեցան համապատասխան ֆիգուրների որոշակի տեղաշարժեր՝ առավել համապարփակ դարձնելով նորեկների՝ իշխանական համակարգին ինտեգրվելու գործընթացը…

 

Դավիթ Բաբանով