Անհաջող են զուգահեռները վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը ու անցած տարի սեպտեմբերին վարչապետի պաշտոնը թողած Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցածի միջև՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Շարմազանովն այս հարցում ճիշտ է՝ Աբրահամյանի և Կարապետյանի միջև կան մի շարք տարբերութուններ, ընդ որում՝ էական: Եթե Կարեն Կարապետյանը գործող նախագահի PR նախագիծն է, միտված ՀՀԿ-ում «նոր ոգու» իմիտացիա ստեղծելուն, ապա Հովիկ Աբրահամյանը, մեծ հաշվով, ինքն էր նվաճել վարչապետի պաշտոնը ու փորձում էր առաջ մղել ինքնուրույն օրակարգ, որի առանցքում սեփական ամբիցիաներն էին իշխանության ժառանգորդը լինելու հարցում: Մի բան, որը բացարձակ չէր տեղավորվում Սարգսյանի ծրագրերի մեջ՝ նվազագույնը այն պատճառով, որ Աբրահամյանը Սարգսյանի ընտրությունը չէր:


Հովիկ Աբրահամյանը յուրային էր քաղաքական դաշտի համար և կապված էր այդ դաշտի բոլոր կալիբրի խաղացողների հետ, ինչը յուրօրինակ կերպով կապում էր Աբրահամյանի ձեռքերը: Ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի՝ Կարեն Կարապետյանը զերծ է այդ կապանքներից և կարողանում է հանգիստ կերպով ազատվել ավելորդ բալաստներից, այդ թվում՝ նրանից,ումից ցանկանում է ազատվել նաև Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը քաղաքական համակարգի մի մաս էր, որը արդեն փտել էր, ի տարբերություն նրա՝ Կարեն Կարապետյանը նոր դեմք է համակարգում,ով ջանում է այն փոխել: Անշուշտ, դա չի նշանակում, որ կարապետյանական նոր համակարգը լինելու է լիովին արդար, սակայն մի բան փաստ է, այն արդեն իսկ լինելու է որոշակիորեն հարմարեցված Կարեն Կարապետյանին:

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելիս Սարգսյանը ցանկանում էր լեզու գտնել օլիգարխիայի հետ և օլիգարխիկ համակարգի հետ փոխզիջման գնալ: Միևնույն ժամանակ, նախագահը ջանում էր այդ քայլով սիրաշահել քաղաքական դաշտի կարևորագույն խաղացողներից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին, վերջինիս քաղաքական ծրագրերում ներառելու համար: Երբ Սերժ Սարգսյանը որոշեց, որ Աբրահամյանի ծառայություններն իրեն այլևս հարկավոր չեն՝ Գագիկ Ծառուկյանն արդեն փակել էր քաղաքականության էջը, հետևաբար Սարգսյանի համար նվազել էր ԲՀԿ առաջնորդի աջակցության գինը: Արդյունքում Հովիկ Աբրահամյանը մեն-մենակ հայտնվեց նախագահի դեմ՝ էականորեն թուլացած դիրքերով, քանի որ նրա ազդեցությունը ամբողջությամբ պայմանավորված էր հենց Ծառուկյանի գործոնով: Ի տարբերություն Աբրահամյանի նշանակման՝ Կարեն Կարապետյանի նշանակումը Հանրապետականի համար պատեհություն էր իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու տեսանկյունից: Մի մասը մնաց Հովիկ Աբրահամյանի վրա, թեեւ նա իր հրաժեշտի ելույթում փորձեց ամեն կերպ ակնարկել, որ իր ձախողումը բոլորինն էր, մյուս մասն էլ մնում է Կարեն Կարապետյանի վրա, եւ, եթե ինչ որ բան չստացվի, ապա ՀՀԿ թե «նոր ոգուց» կազատվի, թե եղած ծանր վիճակի համար պատասխանատվությունից: ՀՀԿ-ն արեց ամեն ինչ զգալիորեն մեծացնելու համար հանրային սպասումները Կարեն Կարապետյանից: Կարապետյանի դեպքում վարչապետի պաշտոնին նշանակումը ուղղված էր հենց հանրության հետ «փոխզիջմանը», անգամ համակարգի հետ որոշակի կոնֆլիկտածին մթնոլորտ ստեղծելու գնով:

Եվ վերջապես Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի գլխավոր տարբերությունը նրանց ֆինանսական բազան է: Հովիկ Աբրահամյանի պարագայում այն չկար: Նա Հայաստանի մասշտաբով անշուշտ խոշոր սեփականատեր էր, բայց ոչ այնքան, որ ունակ լինի ապահովել Հայաստան տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում: Այլ է իրավիճակը Կարապետյանի դեպքում՝ նրա հետեւում ֆինանսական մեծ բազա է, ռուսաստանահայ կապիտալի տեսքով , որը սակայն մինչ օրս չի կարողանում լիարժեք թիկունք դառնալ վարչապետին և ապահովագրել նրան ռիսկերից ներիշխանական պայքարում: Սերժ Սարգսյանի ողջ գլխացավանքը կայանում է նրանում, որ թեև Կարապետյանի ռեսուրսները դեռևս զգալի գործնական օգուտ չեն բերում, Սագսյանին միևնույն է չի հաջողվում գտնել այդ բազային համարժեք ռեսուրս, արդյունքում ՝ տնտեսական քիչ թե շատ զարգացում ապահովելու համար, նա ստիպված է հաշվի առնել նախկին և ներկա վարչապետների միջև առկա այդ տարբերությունը: