Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշում է, որ իր ֆիզիկական կարողությունները երբեք ուսանողների վրա ցույց չի տալիս. «Բայց փորձը ցույց է տալիս, որ ավելորդ ինքնավստահություն ունեցող մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ լուրջ վնասվածք կրում է, և այլ է հարցը, թե ում կողմից»,-ասաց պատգամավորն՝ ի պատասխան հարցին՝ արդո՞ք ինքը սպառնացել է իր ուսանողի ծնոտը կոտրել, ինչ մասին վերջինս հայտարարել է: 

Անդրադառնալով ավելորդ ինքնավստահություն ասվածին՝ պատգամավորը նշեց, որ խոսքը վերաբերում է սպորտային համազգեստով, չսափրված վիճակով, նստած վիճակում դասախոսի հետ վիճաբանելու՝ ուսանողի պահվածքին, ինչի համար ինքը հորդորել է տվյալ ուսանողին՝ լինել կոկիկ. «Այդ ուսանողն ինձանից ներողություն խնդրեց, որից հետո մենք միասին դաս ենք անցկացրել, և ինձ համար զարմանալի է, որ նա որոշել է սոցցանցերի միջոցով հարցին նման հնչեղություն տալ»,-ասաց Պետրոսյանը և  հավելեց, որ ինքն անգմ  տեղյակ չի եղել, որ տվյալ ուսանողը ԵԼՔ խմբակցության ղեկավարի օգնական է.  «Ես դա իմացել եմ լրատվամիջոցներից և կխնդրեմ այս համալսարանական միջադեպին լրջություն չտալ»,-ասաց պատգամավորն՝ անպատասխան թողնելով հարցն՝ արդյո՞ք  ԵԼՔ խմբակցությունն այս մասին բարձրաձայնելով՝ փորձում է հարցին քաղաքական աստառ տալ: