ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը հունիսի 14-ին հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանի, Կարեն Մեժլումյանի, Սիմոն Բաբայանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նելլի Հարությունյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Գևորգ Գյոզալյանի, Ռուբեն Հակոբյանի, Մարտուն Փանոսյանի և Կարապետ Աղ աջանյանի հետ։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, նախարարը Խորհրդի անդամների հետ քննարկել է փաստաբանությանը վերաբերող խնդիրները: Խորհրդի անդամները նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների հետ կապված հարցը, Փաստաբանական դպրոցի ծրագրերի հետ կապված, Վարչական տուգանքները՝ առանց դատական ակտի, գանձելու սահմանադրականության և հարկադիր կատարման կարգով գանձման գործողությունների իրավաչափության, Արդարադատության խորհրդի հայեցողական լիազորությունների և թափանցիկության, ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից համակենտրոնացման ռեժիմը ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելու իրավաչափության հարցերը, խափանման միջոց կալանքի և կալանավորվածներին պահելու հետ կապված հարցը, Քրեակատարողական տարածք ոչ աշխատանքային ժամերին և օրերին փաստաբանների մուտք գործելու սահմանափակումների հարցը։

 

ՀՀ արդարադատության նախարարը կարևորելով առողջ քննարկման ճանապարհով խնդիրներ լուծելու գործելաոճը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ պայմանավորվել է առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ՀՀ փաստաբանների պալատում և մանրամասնորեն անդրադառնալ այդ խնդիրներին: