Ադրբեջանում արդեն հերոսացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառի տարածքում ԼՂՀ անվտանգության եւ պաշտպանության ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի դիվերսանտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, virtualaz.org կայքը հայտնում է, որ Արդրբեջանում արդեն ստեղծվել է Քարվաճառում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների «Իրավունքների պաշտպանության կոմիտե», որն այսօր Բաքվում իր առաջին մամու լի ասուլիսն է անցկացրել: Կոմիտեի ղեկավար Էլխան Սալահովը հայտարարել է, որ իրենց նպատակը մի քանի օր առաջ գերեվարված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլգամ Ահմեդովի (իրականում` Ասքերովի), Շահբազ Գուլիեւի եւ դիմադրություն ցույց տալու ժամանակ սպանված Հասան Հասանովի «իրավունքների պաշտպանությունն է եւ կենդանի մնացած ադրբեջանցիների ազատությունը պահանջելն է»:

 

Միջոցառմանն ունեցած ելույթում Ադրբեջանի խորհրդարանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Այդըն Միրզազադեն հայտարարել է, որ ձերբակալված ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործողությունները, իբր, չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքացիները «ոչ թե պետական սահման են խախտել, այլ անցել են հակամարտ զորքերի շփման գիծը», եւ որ նրանց այդ քայլը «պետք է գնահատել որպես հերոսության օրինակ, ինչպես դա արվել է Ռամիլ Սաֆարովի, Մուբարիզ Իբրահիմովի դեպքերում»:

 

Կայքը հայտնում է, որ հայրենասիրական մեծ պաթոսով սկսված կոնֆերանսը կիսատ է մնացել էլեկտրական հոսանքի անակնկալ անջատվելու պատճառով: Թեեւ միջոցառման մասնակիցները եւ լրագրողները կազմակերպիչներից պահանջել են շարունակել միջոցառումը, սակայն վերջիններս անգամ առանց ընթերցելու իրենց պատրաստած դիմումը, պատգամավոր Այդըն Միրզազադեի գլխավորությամբ հեռացել են դահլիճից:

 

Նշվում է, որ միջոցառմանը չեն մասնակցել «պաշտպանության կոմիտեի» մյուս պատգամավոր անդամները' Գանիրա Փաշաեւան, Ֆազիլ Մուստաֆան եւ մնացածները եւ հասարակայնության այլ անդամներ, իսկ միջոցառմանը հրավիրված դիվերսանտների ազգականները այն լքել են սկսվելուց մի քանի րոպե հետո: