Հաջորդ տարի Հայաստանում տեղի է ունենալու աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մենք կփորձենք բավականին լավ պատրաստվել և արդեն Հայաստանում գրավել բարձր տեղեր: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Շախմատիստուհու հետ զրուցեցինք հայրենական շախմատի, անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին:
- Լիլի՛թ, ե՞րբ եք սկսել զբաղվել շախմատով:
- Շախմատով սկսել եմ զբաղվել 8, իսկ պրոֆեսիոնալ շախմատով' 12 տարեկանից, երբ գրանցեցի առաջին հաջողություններս:
-Ո՞րն է առաջին հաջողությունը, որը գրանցել եք շախմատի բնագավառում:
- Ինքս չեմ ընտրել շախմատի ճանապարհը: 12 տարեկանում ուզում էի զբաղվել դասերով, ընդունվել համալսարան և դեռ մտածում էի, թե ինչ մասնագիտություն ընտրեմ, սակայն հայրս խնդրեց, որ վերջին մրցաշարս խաղամ, որը ինձ համար եղավ ոչ թե վերջինը, այլ կարիերայիս համար առաջինը:
- Հաճախ մարդիկ մասնագիտական գործունեության ճանապարհի կեսին հասկանում են, որ սխալ ընտրություն են կատարել: Դուք երբևէ զղջացե՞լ եք Ձեր ընտրության համար:
- Կարծում եմ՝ ցանկացած մարդ ինչ-որ մի պահի սկսում է մտածել, թե որքանով է մասնագիտությունը համապատասխանում իրեն: Իմ դեպքում էլ են նման պահեր եղել, երբ հաջողություններ ունենալով՝ չեմ մեկնել արտերկիր կամ հանդիպել եմ այլ խոչընդոտների: Այդ դեպքերում եղել է հեռանալու ցանկություն: Սպորտը, սակայն, սովորեցնում է պայքարել և հաղթահարել նույնիսկ արհեստականորեն ստեղծված խոչընդոտները:
- Ի՞նչ կասեք տղամարդկանց և կանանց հավաքականների մասին: Ձեր գնահատականը' մեր շախմատին:
- Հայաստանի շախմատի կանանց հավաքականը համաշխարհային վերջին օլիմպիադայում գրավեց 5-րդ տեղը: Դա շատ մեծ հաջողություն է մեզ համար, քանի որ 130-ից ավելի մասնակից երկրների մեջ նման բարձր դիրքը, մեզ նման փոքր երկրի համար բավականին լավ արդյունք է: Կանանց շախմատը, ի տարբերություն Հայաստանի տղամարդկանց շախմատի, չունի մեծ պատմություն: Այդ պատմությունը նոր է սկսվել գրվել' 2000-ականներից հետո, երբ հայտնվեցին կին գրոսմայստերներ, ովքեր բավականին բարձր ելույթներ են ունենում միջազգային ասպարեզում: Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց շախմատին, կարծում եմ' նկարագրել պետք չի: Բոլորին է հայտնի՝ տղամարդիկ ունեն բազում հաջողություններ. օլիմպիական եռակի չեմպիոն են, նաև աշխարհի թիմային չեմպիոն: Եվ ընդհանրապես, տղամարդկանց շախմատի աճն սկսվել է դեռևս աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի օրոք:
- Նոր մրցաշարերի պատրաստվու ՞մ եք:
- Այս տարվա պաշտոնական մրցաշարերն արդեն ավարտվել են: Ամառն, այդ առումով, ծանրաբեռնված էր: Հիմա չունեմ պաշտոնական մրցաշար: Դեռ հանգստանում եմ: Մտածում եմ' ինչ մրցաշարերի կարելի է առաջիկայում մասնակցել: Հաջորդ տարի Հայաստանում տեղի է ունենալու աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մենք կփորձենք բավականին լավ պատրաստվել և արդեն Հայաստանում գրավել բարձր տեղեր:
- Շախմատիստի կարիերան ավարտելուց հետո ինչո՞վ կզբաղվեք:
- Նախ' դեռ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին, և դեռ վաղ է այդ մասին խոսելը: Բայց երբ գա ժամանակ, որ դադարեմ մրցաշարերի մասնակցելուց, կփորձեմ զբաղվել մարզչական գործով: Ես արդեն ութ տարի աշխատում եմ որպես շախմատի դասախոս, ունեմ նաև սպորտային լրագրողի մասնագիտություն:
Զրուցեց Լիանա Թորոսյանը