«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության համատեքստում երևանյան դպրոցներում հայտարարվել էր «Երևան՝ իմ տուն » խորագրով շարադրությունների մրցույթ, որին մասնակցել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 150 դպրոցների 4-րդից 12-րդ դասարանների 155 աշակերտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանցից 13-ն արժանացել են խրախուսանքի, իսկ հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանձնել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր:
Քաղաքապետի շնորհակալագրի է արժանացել նաև մայրաքաղաքի թիվ 89 դպրոցի աշակերտուհի Արինե Մխիթարյանի մայրը' Աստղիկ Հովհաննիսյանը, ով, դստեր խոստովանմամբ, նշանակալի դերակատարում ունի Երևանի հանդեպ տածած մեծ սիրո և պատասխանատվության գործում: Արինե Մխիթարյանը, ով իր շարադրությունը տեղադրել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ևս արժանացել է խրախուսական մրցանակի:
Նույն սոցիալական ցանցի իր էջում սեփական շարադրությունը տեղադրել էր նաև Վահե անունով երևանցի մի դպրոցական, ով նույնպես խրախուսվել է: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը նշել է, որ շարադրությունների հիմնական բովանդակությունը եղել է սերը մայրաքաղաքի հանդեպ, իսկ լավագույն աշխատանքներն ընտրելիս հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարել, քանի որ Երևանը գովերգող գեղեցիկ համեմատություններով ու մաղթանքներով աշխատանքները բազմաթիվ են եղել:
Երևանի պատմության թանգարանում կազմակերպված հանդիսության ընթացքում լավագույն շարադրություւնների հեղինակները նաև հնչեցրել են հատվածներ իրենց աշխատանքներից: Հատուկ ուշադրության արժանացած աշակերտները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ մայրաքաղաքի մասին մեծ սիրով են ստեղծագործել, քանի որ ասելիքն անսպառ ու ինքնաբուխ է եղել: Հանդիպման շրջանակում երևանցի դպրոցականները նաև մայրաքաղաքի մասին պատմող վավերագրական ֆիլմ են դիտել: