Որոշել էի այլևս այս թեմայով չգրել՝ համարելով, որ մի քանի օր առաջ կարծիքս սպառիչ հայտնել եմ: Բայց հանրահավաքային հարթակում սրա նրա շվաքի տակ «առյուծ կտրած» ու սոցցաներում «հեղափոխություն» սկսած մարդիկ ազարտի մեջ են՝ իրականությունից կտրված, գլուխները կորցրած, հայրենիք ուրացած, սրբություն մոռացած:
Գեներալներ Մանվելի ու Սեյրանի միայն անունը լսելուց դողացող «մատղաշները» դուխավորվել են հեղափոխական կեղծ էյֆորիայի հորձանուտում, Վազգենից «աբիժնիկ» մնացածները նրա անունն են շահարկում՝ նոր տերերի կառուցած բարիկադներից ցեխ շպրտելով Վազգենի կառուցած տան, մեր նահատակ եղբայրների արյան գնով, ողջերի նվիրումի վրա կայացած Երկրապահի ուղղությամբ:
Այնքան փոքր ու ճղճիմ են դարձել, հայրենիքն այնքան անհող ու անապագա են պատկերացնում, որ Արցախի հերոսին, պատերազմի բովով անցած հրամանատարին միֆ ու հեքիաթ են համարում: Ու սա այն դեպքում, որ դեռ պատերազմը չի վերջացել, որ, Աստված մի արասցե, նոր պատերազմի դեպքում էլի ծվարելու են մոր փեշի տակ ու հույսներն էլի դնելու են Մանվելի, Սեյրանի, մյուս հերոսների վրա:
Լավ, ինչքա՞ն կարելի է չսիրել երկիրը, որ պատերազմի հաղթանակը միֆ, կեղծ արժեք համարես, որովհետև եթե միֆ ու կեղծ հերոս ես համարում հաղթանակը կերտողներին, ապա այդպիսինն ես համարում նաև հաղթանակը, դրա արժեքը հավասարեցնում ես զրոյի, սերունդներին կտրում ես երազից, երկիրդ դատապարտում ես հավակնություններից զուրկ մի տարածքի:
Եթե Մանվելը, Սեյրանը, մյուս ողջ ու նահատակ տղերքը կեղծ հերոսներ ու միֆեր լինեին, հիմա «դեղնակտուցի» ձեր «տաղանդը» ցույց տալ չէիք կարողանա, ձեր տերերին քծնելու համար «չայևոյ» չէիք ստանա, հպարտությամբ չէիք բարձացնի ձեր սրբությունների կենացը, որովհետև վտանգված կլիներ ձեզանից ամեն մեկի ու բոլորիս օջախները:
Ակամայից հիշեցի 90-ականները, երբ ոմանք «հեղափոխական երազախաբության» ու քաղաքական «կուսության» կորստի շրջանում, Վազգենից «բոբո» էին սարքել՝ գաղափարական հարթության մեջ նախապատրաստելով Հոկտեմբերի 27-ի ոճիրը, էս ժողովրդի օտարացած արգանդից ծնելով նաիրի» կոչվող վիճվածքին:
«Հոկտեմբերի 27»-ը կրակոց է մեր Հաղթանակի վրա: Նման բան միայն օտարն ու թշնամին կարող էին ուզել՝ մեր ներսի անհայրենիք թափթփուկների հետ միասին:
Հիմա էլ միայն օտարն ու թշնամին, մեր ներսի անհայրենիքը կարող են ցանկանալ Հաղթանակի արժեզրկում, դրա խորհրդանիշների վարկաբեկում, Երկրապահի մասնատում, Վազգենի տան ավերում…
Քննադատեք Մանվելին, ինչքան ուզում եք, քննադատեք նրա ներկա գործունեությունը, պատգամավորական աշխատանքը, բայց կասկածի տակ մի դրեք նրա հերոսականությունը, արցախյան հաղթանակ կերտելու նրա նվիրումը, հարյուրավոր նվիրյալ ընկերներ կորցնելու նրա ցավը, նրա հետագիծը, որն ասոցացվում է Վազգենի ու Հաղթանակի, Հայրենիքի ու Եռաբլուրի հետ:
Թե հակադրվում եք այս արժեքներին ու ձեզ ընդդիմություն եք համարում, ուրեմն դուք ընդդիմադիր եք Հաղթանակին ու Հայաստանին, դուք նույն օտարն եք Երևանի կենտրոնում կառուցած ձեր բարիկադով:
Էնքան անաղուհաց եք դարձել, որ հանգիստ չեք թողում հավերժի ճամփորդ դարձած Վազգենին, նրա ընտանիքը, եղբայրներին: Մեռած Վազգենից էլ եք վախում, «այ առյուծացած քաջնազարներ»…
… Մի բան էլ չմոռանամ ասել, մանավանդ, այդ ասելիքիս մեջ Երկրապահից արտաքսվածները կգտնեն իրենց բացահայտող հայելին: Ձեր թասիբը նոր արթնացա՞վ, բա էդ թասիբն ո՞ւր էր, երբ Վազգենի եղերական մահվանից հետո՝ «մկան ծակ» էիք մտել: Թե՞ հիմա էլ եք նման «ապահով» տեղերում թաքնված: Թե՞ պատմեմ՝ Մանվելին տեսնելուց ոնց եք նրան հավատարմության երդում տալիս՝ չխնայելով ձեր էսօրվա տերերին ու հիշելով նրանց սրբությունները: Նրանց մոտ էլ երևի հակառակն եք անում: Էս չեք, արա, այ կենդանիների ու բույսերի «մասնագետներ»…
Սուրեն Սուրենյանց