«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.
Ավտովթար Երևանի Հովսեփյան փողոցում. կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ «Ֆոլկսվագեն» մակնիշի 29 ՍԼ 356 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:
Վարորդը և ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ա. Բ.-ը, 1998 թ. ծնված Հ. և 1998 թ. ծնված Ա. Դ.-ները, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հոսանքազրկման աշխատանքներ:
***
Ազնավուրի հետ կեղծ հարցազրույցը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կեղծիք է. թուրքագետ
Շվեյցարիայում ՀՀ դեսպան, հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ կեղծ հարցազրույցի հրապարակումը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական հերթական կեղծիքն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը : «Եվ ես կարծում եմ, որ առա ջիկայում նման կեղծիքներ Թուրքիայի կողմից ևս կլինեն: Ամեն ինչ կարող է լինել, այդ թվում' նաև կեղծիքներ»,- նշեց Սաֆրաստյանը:
Նա արձանագրեց, որ Թուրքիայի վարած քաղաքականության մեջ բացարձակապես փոփոխություն չկա: «Թուրքիայի կողմից կարող են լինել տարբեր իմիտացիոն հայտարարություններ և քայլեր, ինչպիսին, օրինակ, վարչապետի խորհրդականի պաշտոնում Մահչուփյանի նշանակումն էր, բայց իրականում, ես համոզված եմ, որ Թուրքիայի ղեկավարների ներկա սերունդը ուղղակի ընդունակ չէ սկզբունքորեն փոխել իր երկրի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրանք շարունակելու են կեղծիքների հրապարակումը և ժխտողական քաղաքականությունը»,- նկատեց Սաֆրաստյանը:
Թուրքական Posta լրատվականի տարածած տեղեկությունն այն մասին, թե հայ շանսոնյե, Շեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը թուրք լրագրողին հարցազրույց է տվել, չի համապատասխանում իրականությանը:
Թուրքական մամուլում տարածված և հայկական իրականությունում բուռն քննարկումների տեղիք տված այս տեղեկությունը հերքել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Թուրքական լրատվամիջոցի տարածած «հարցազրույցում» նշվում էր, թե իբր հայ շանսոնյեն հայտարարել է, որ «մայրը թուրք է»: Բացի այդ, հարցազրույցում արվել էին հստակ թուրքամետ շեշտադրումներ: Օրինակ, Շառլ Ազնավուրին վերագրել էին խոսքերն այն բանի վերաբերյալ, թե վերջինս սիրում է թուրքերին, լինելով Շվեյցարիայում և ՄԱԿ-ում ՀՀ դեսպան' վարում է անկախ քաղաքականություն և չի ենթարկվում հայաստանյան իշխանություններին: Բացի այդ, հաղորդվում էր, որ Ազնավուրին է շնորհվել «Ոսկե սոսի» մրցանակը:
Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Էրքան Օզերմանը նյութի ամենասկզբում նշել է, որ երկար տարիներ ճանաչում է Ազնավուրին և մշտապես ցանկություն է հայտնել հարցազրույց վարել շանսոնյեի հետ: Սակայն հարցազրույցը այդպես էլ չէր հաջողվել, ինչպես պատճառաբանում է Օզերմանը' «տվյալ օրվա պայմանների, միջավայրի ճնշման կամ միգուցե և հայկական սփյուռքի արձագանքից անհանգստանալով»:
Ի վերջո, նա զանգահարել է Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին, ով, ինչպես և լրագրողը, Գալաթասարայի ուսումնարանի շրջանավարտ է, և հարցրել է նրա տրամադրվածությունը Շվեյցարիայում ՀՀ դեսպան և հայտնի երգիչ Շառլ Ազնավուրի հետ ճաշելու վերաբերյալ: Վերջինս դրական պատասխան էր տվել, և կայացել էր հանդիպումը: «3 ժամ խոսելով ճաշեցինք»,- գրել էր Օզերմանը:
***
Հայրենիք կորցրածների խրախճանքը
Որոշել էի այլևս այս թեմայով չգրել՝ համարելով, որ մի քանի օր առաջ կարծիքս սպառիչ հայտնել եմ: Բայց հանրահավաքային հարթակում սրա նրա շվաքի տակ «առյուծ կտրած» ու սոցցաներում «հեղափոխություն» սկսած մարդիկ ազարտի մեջ են՝ իրականությունից կտրված, գլուխները կորցրած, հայրենիք ուրացած, սրբություն մոռացած:
Գեներալներ Մանվելի ու Սեյրանի միայն անունը լսելուց դողացող «մատղաշները» դուխավորվել են հեղափոխական կեղծ էյֆորիայի հորձանուտում, Վազգենից «աբիժնիկ» մնացածները նրա անունն են շահարկում՝ նոր տերերի կառուցած բարիկադներից ցեխ շպրտելով Վազգենի կառուցած տան, մեր նահատակ եղբայրների արյան գնով, ողջերի նվիրումի վրա կայացած Երկրապահի ուղղությամբ:
Այնքան փոքր ու ճղճիմ են դարձել, հայրենիքն այնքան անհող ու անապագա են պատկերացնում, որ Արցախի հերոսին, պատերազմի բովով անցած հրամանատարին միֆ ու հեքիաթ են համարում: Ու սա այն դեպքում, որ դեռ պատերազմը չի վերջացել, որ, Աստված մի արասցե, նոր պատերազմի դեպքում էլի ծվարելու են մոր փեշի տակ ու հույսներն էլի դնելու են Մանվելի, Սեյրանի, մյուս հերոսների վրա:
Լավ, ինչքա՞ն կարելի է չսիրել երկիրը, որ պատերազմի հաղթանակը միֆ, կեղծ արժեք համարես, որովհետև եթե միֆ ու կեղծ հերոս ես համարում հաղթանակը կերտողներին, ապա այդպիսինն ես համարում նաև հաղթանակը, դրա արժեքը հավասարեցնում ես զրոյի, սերունդներին կտրում ես երազից, երկիրդ դատապարտում ես հավակնություններից զուրկ մի տարածքի:Շարունակությունն՝ այստեղ:
***
Գյումրիում 26-ամյա երիտասարդի սպանության գործով հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել քաղաքացի Արթուր Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել' մեկ ուրիշին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Դատարանը բավարարել է Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը եւ հայտարարվել է հետախուզում:
2014 թվականի հոկտեմբերի 29-ին' ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
***
Երևանում կգործարկվեն երթևեկության վերահսկման նոր տեղադրված տեսախցիկներ
Երևանի քաղաքում նոյեմբերից 17-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ:
Տեսախցիկները կգործարկվեն Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց, Մ հեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց և Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատվածներում:
***
Եմենում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը
Եմենում սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդը: Այս մասին հայտնել Russia Today-ը:
ԱՄՆ-ի հետախուզությունը վաղուց որոնում էր Շավկի ալ-Բադանի անունով առաջնորդին: Սպանվել է նաև «Ալ-Քաիդայի» տեղական բջջի՝ «Անսար ալ-Շարիա» խմբավորման առաջնորդ Նաբիլ ալ-Դահաբը:
Ահաբեկիչներին ոչնչացրել են անօդաչու թռչող սարքի հասցրած օդային հարվածների միջոցով:
***
Չստացված հեղափոխության դասերը
Մեկ տարի առաջ Երևանում տեղի ունեցած դեպքերին դժվար է «հեղափոխություն» անունը տալը: Ավելի շուտ, տեղի ունեցավ ընդվզման փորձ,որն արագ լոկալիզացվեց ու կանխվեց:
Հրաշալի հասկանում եմ այն մոտիվները, նպատակները, որոնք Շանթ Հարությունյանին ու մյուս տղաներին բերել էին Ազատության հրապարակ:
Հայաստանն իսկապես հեղափոխության կարիք ունի, ինչի մասին ազդարարում էր հենց Շանթը: Այդ հեղափոխության հիմքում պետք է լինի արժեքային, գաղափարական բաղկացուցիչը, անհրաժեշտ է փոխել մարդկանց մտածողությունը, վարքագծային կանոնները, ձևավորել արժեքային համակարգ, որը մեզ թույլ կտա ունենալ եվրոպական ժամանակակից պետություն: Կարծես թե, անցյալ տարվա նոյեմբերի 5-ից առաջ հենց այս մասին էր խոսում Շանթը՝ նաև կարևորելով ռուսական կայսերականության դեմ պայքարը:
Իհարկե, ինձ հաճախ դուր չէր գալիս «հայկական հեղափոխության» առաջնորդի բառապաշարը, արժեքային նոր համակարգի մատուցման վուլգար ձևը, բայց սա էլ համարենք հեղափոխական «բարդույթ»:Շարունակությունն՝ այստեղ:
***
Նոր զարգացում' Հրանտ Դինքի սպանության դատական գործում
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող պետական պաշտոնյաներին ուղղված հետաքննության մեջ նոր զարգացում է տեղի ունեցել:
'
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթը, այն բանից հետո, երբ Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրեց Դինքի սպանության գործով անցնող' այն ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջեռահի, Ալի Ֆուաթ Յըլմազերի հետ այլ պաշտոնյաների հարցաքննությունը, գործը քննող Ստամբուլի դատարանը որոշել է միացնել Տրապիզոնում եւս անցկացվող պետպաշտոնյաների հարցաքննությունները:
Այսինքն, գործով անցնող բոլոր պետպաշտոնյաները, այդ թվում նաեւ Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, այն ժամանակ Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, ոստիկանության հետախուզական վարչության ղեկավարներից Էնգին Դինչը, Ֆարուք Սարըն, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն, Մուհիթթին Զենիթը, Մեհմեթ Այհանը այսուհետեւ հարցաքննվելու են միեւնույն' Ստամբուլի հանրապետական դատախազությունում:
Դրանք այն պաշտոնյաներն են, որոնք կասկածվում են Դինքի սպանության մասին նախապես տեղեկացված լինելու, սակայն, պաշտոնեական պարտականությունները կատարելու գործում թերանալու մեջ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման:
Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:
***
Վրաստանը պաշտպանության նոր նախարար ունի
Վրաստանի պաշտպանության նոր նախարար է դարձել Մինդիյա Ջանելիձեն, ով մինչև նոյեմբերի 4-ը եղել է երկրի կառավարությանը կից Ճգնաժամային և անվտանգության կառավարման խորհրդի քարտուղարը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նոյեմբերի 5-ին հատուկ ճեպազրույցի ժամանակ Թբիլիսիում արված հայտարարությունը:
Ջանելիձեն պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Իրակլի Ալասանիային, ով 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբերի 4-ը զբաղեցրել է այդ պաշտոնը: Երեքշաթի երեկոյան վարչապետն ազատել է Ալասանիային զբաղեցրած պաշտոնից:
Այսպիսով՝ Ղարիբաշվիլին հայտնել է, որ Ջանելիձեն մասնագիտությամբ իրավաբան է: Նա ավարտել է Վրաստանի պետական անվտանգության նախարարության ակադեմիայի հակահետախուզության ֆակուլտետը, այնուհետ կրթություն ստացել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: 2000-ից 2012 թվականների ընթացքում աշխատել է երկրի հետախուզության բաժնում, այնուհետև ղեկավարել է Ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժինը:
***
Ինչու է խուճապ առաջացել ձվի շուկայում և ինչ են վստահեցնում պատասխանատուները
Հայաստանում ձվի դեֆիցիտը բացառելու և գնաճը կանխելու համար թռչնաբույծներն ու պետական կառույցները համատեղ լուծում են գտել: Այսուհետև ձվի ներկրման հնարավորություն կունենան միայն թռչնաբուծական ընկերությունները, այն էլ'ձվի դեֆիցիտի դեպքում:
Ձվի շուկայում առաջացած խուճապը մեղմելու համար Գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր ասուլիս, որի ժամանակ ոլորտի մասնագետները հայտարարեցին, թե Հայաստանում ձվի դեֆիցիտ չկա և չի առաջանա նույնիսկ Ամանորի նախաշեմին:Շարունակությունն՝ այստեղ:
***
Հայտնի է Վայոց ձորի նոր մարզպետի անունը
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Վայոց ձորի մարզպետի նշանակման հարցը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ»,- ասվում է կառավարության որոշման մեջ, որը վաղվա նիստում հավանության կարժանանա:
Նշենք, որ մինչ այս Վայոց ձորի մարզպետն էր Էդգար Ղազարյանը, ով սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այժմ նա Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է:
***
Ոստիկանության հերթական բացահայտումը. կառավարիչը բռնվեց կաշառք ստանալիս
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու համար սնանկության գործով կառավարիչ նշանակված Ա. Իսպիրյանն իրենից որպես կաշառք պահանջել է 700.000 ՀՀ դրամ, ընդ որում, նշված գումարից 350 հազար դրամն ինքը պետք է Իսպիրյանին փոխանցեր նոյեմբերի 5-ին:
Ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ՝ այսօր Երևանի Հ. Ներսիսյան փողոցում գտնվող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև քաղաքացուց 350.000 դրամ կաշառքը վերցնելիս Ա. Իսպիրյանը բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ էլ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կաշառք ստացած 350.000 դրամը:
Նախապատրաստված նյութերն ուղարկել են ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու:
***
Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը
Երեւանում նոյեմբերի 5-ին մահացել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը:
Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը ծնվել է 1933-ի նոյեմբերի 12-ին Շենավան գյուղում: Նա ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր. եղել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1958թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1969թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը: