Հայաստանում ձվի դեֆիցիտը բացառելու և գնաճը կանխելու համար թռչնաբույծներն ու պետական կառույցները համատեղ լուծում են գտել: Այսուհետև ձվի ներկրման հնարավորություն կունենան միայն թռչնաբուծական ընկերությունները, այն էլ'ձվի դեֆիցիտի դեպքում:
Ձվի շուկայում առաջացած խուճապը մեղմելու համար Գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր ասուլիս, որի ժամանակ ոլորտի մասնագետները հայտարարեցին, թե Հայաստանում ձվի դեֆիցիտ չկա և չի առաջանա նույնիսկ Ամանորի նախաշեմին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով' ամեն տարեվերջին ձվի շուկայում թեժանում են կրքերը: Սակայն, վստահեցրեց նա, ձվի արտադրության մասով Հայաստանը ինքնաբավ երկիր է: «Մեր թռչնաբուծարաններն ունեն համապատասխան արտադրական կարողություններ, որպեսզի կարողնան բավարարել անգամ ավելի մեծ պահանջարկը: Յուրաքանչյուր օր Հայաստանում արտադրված ձվի մի զգալի մասը' շուրջ 170 հազար ձու, պահեստավորվում է, և պահեստավորված քանակն ամբողջապես բավարար է նույնիսկ ամանորյա տոնակատարությունների ժամանակ ձվի պահանջարկը բավարարելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին ներկայացրեց այն իավիճակը, որն առաջանում է տարվա այս ամիսներին և որն էլ պատճառ է դառնում թանկացումների մասին խոսելու համար: «Սովորաբար ամռան ամիսներին, երբ թռչնաբուծարանները նոր են ձեռք բերում վառեկներ, ձվերը լինում են քաշով ավելի փոքր և վաճառվում են ավելի էժան գներով; Սակայն աշնանը, երբ վառեկները հասնում են ածան հավերի ձվատվության մակարդակին, ձվի քաշը ևս մեծանում է, և, բնականաբար, գինն էլ բարձրանում»,- ասաց նա: Ստեփանյանի խոսք ով' ներկայումս ձվի շուկայում փաստացի թանկացում չկա, իսկ նախորդ տարվա համեմատ ձվի ինքնարժեքը նվազել է 3-4 դրամով: «Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մենք ունենք գների նվազում: Եթե նախորդ տարի ձուն թռչնաբուծարաններից բաց էր թողվում 62 դրամով, ապա այս տարի այն բաց է թողնվել 58-59 դրամով»,- հավելեց թռչնաբույծը:
Այն հարցին, թե Հայաստանում գոյություն ունի արդյոք ներկրված ձու և ինչ վտանգներ կան կապված ներկրման հետ, պատասխանեց ՍԱՊԾ անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Նա շեշտեց, որ Հայաստանում ներմուծված ձու չկա, իսկ ներմուծման անհրաժեշտության դեպքում այսուհետև նոր մեխանիզմ կգործի: «Վերջերս Սննդի անվտանգության պետական ծառայություն են դիմել 16 տնտեսավարող սուբյեկտներ' ձու ներմուծելու ցանկություն հայտնելով: Մեր կողից վերլուծվել են բոլորի կարողություններն ու հնարավորությունները, և հաշվի առնել ով այն հանգամանքը, որ ձուն համարվում է բարձր ռիսկայնության և արագ փչացող սննդամթերք, նախապատվությունը տրվել է արտադրողներից 4-ին («Արաքս», «Արզնի», «Լուսակերտ» և «Աշտարակ»): Հաշվի առնելով այն, որ ընտրված ընկերությունները ունեն համապատասխան սարքավարումներ և իրացման ցանց, վերահսկողության առումով մեզ համար հեշտ կլինի աշխատել նրանց հետ»,- ասաց Մկրտչյանը: Նա վստահեցրեց, որ ներկրում իրականացնելու թույլտվություն ստացած ընկերությունները կարող են ներկրում իրականացնել միայն այն դեպքում, եթե ձվի դեֆիցիտ առաջանա:
Հայաստանում այս տարվա ինն ամսում արտադրվել է 543 մլն ձու, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 527 մլն, այսինքն' ծավալն ավելացել է 3 տոկոսով: Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներով' մինչև տարեվերջ կարտադրվեի 630-640 մլն ձու, որը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի շուրջ 5 տոկոսով: