Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի շահառուները, ովքեր ցանկանում են փաթեթի գումարն օգտագործել հանգստի մեկնելու նպատակով, այս տարի «տոկոսների տակ» կընկնեն: Lragir.am-ը ահազանգ է ստացել պետական համակարգի աշխատողներից և դպրոցների ուսուցիչներից այն մասին, որ իրենց իրազեկել են' ամռան սեզոնին հանգստի մեկնելու համար սոցփաթեթից օգտվողները պետք է վարկեր վերցնեն բանկերից, որպեսզի կարողանան հանգստանալ:
Նշենք, որ սոցիալական փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր անձի տարեկան հատկացվում է 132 հազար դրամ, որի 52 հազար դրամը պարտադիր բժշկական ապահովագրության վճարն է: Այս գումարը հնարավոր չէ կանխիկ օգտագործել, պետք է ծախսել չորս ուղղություններով՝ առողջապահության ապահովագրություն, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վարձի վճարում, հանգստի կազմակերպում Հայաստանի և ԼՂՀ տարածքում:
Արդեն երկրորդ տարին է, ինչ այս ծրագիրն իրականացվում է, սակայն խնդիրներն անպակաս են: Այս տարվա սկզբին ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը առիթը բաց չթողեց գովերգելու կառավարության այս ծրագիրը' լրագրողներին տեղեկացնելով, որ այս տարի ծրագիրը կատարելագործվել է, դրանից օգտվողների թիվն էլ ավելացել 30 հազար մարդով: Այս տարվա նորությունն այն է, որ սոցփաթեթի գումարը, ի տարբերություն նախորդ տարվա, երբ միանվագ էր հատկացվում, ամեն ամիս է փոխանցվում պետական համակարգի աշխատողների հաշվեհամարին: Ամեն ամիս յուրաքանչյուրի հաշվեհամարին փոխանցվում է 11 հազար դրամ: Այս գումարից պարտադիր ապահովագրությանն ուղղվում է 52 հազար դրամը, մնացած 80 հազարով մարդիկ կարող են օգտվել վերոնշյալ երեք ծառայություններից: Գումարը չօգտագործելու դեպքում այն կուտակվում է հաշվեհամարին և, ըստ կառավարության խոստումների, հնարավոր կլինի օգտագործել նաև հաջորդ տարիներին: Վաչե Գաբրիլեյանը նաև ասել էր, որ այս տարի ծրագրի իրականացնմանը պետբյուջեից ուղղվելու է 21.1 մլրդ դրամ' նախորդ տարվա 15 մլրդ-ի փոխարեն:
Պետական համակարգի աշխատակիցները, որոնց ամսական աշխատավարձը ցածր է և տատանվում է 50-120 հազար դրամի սահմաններում, դժգոհ են ծրագրից: Նրանք նշում են, որ ամբողջ տարին աշխատելով' ցանկանում են ամռան ամիսներին փաթեթի գումարն ուղղել հանգստի կազմակերպմանը, բայց իրենց պարտադրում են վարկեր վերցնել: Մարդիկ ասում են, որ չեն ցանկանում վարկերի ու տոկոսների տակ ընկնել, առանց այն էլ ցածր են վարձատրվում:
Կառավարության մեր աղբյուրի տեղեկացմամբ' վարկեր պետք է վերցնեն այն անձինք, ովքեր ուզում են փաթեթի գումարը հանգստի նպատակով օգտագործել: Բուժհաստատությունների, բանկերի ու պետական բուհերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ փաթեթի շրջանակներում վճարումները կընդունեն ըստ ամիսների' ինչպես պետությունն է մարդկանց վճարում փաթեթի գումարը: Իսկ ահա տուրօպերատորները չեն համաձայնվել այս պայմաններին:
Բոլորը հիմնականում ցանկանում են հանգստանալ հուլիս-օգոստոս ամիսներին, բայց այդ ընթացքում գումարի միայն մի մասն է փոխանցված լինում մարդկանց հաշվեհամարին, որից դուրս է գալիս պարտադիր բժշկական ապահովագրությունը: Մնացած մասը լրացնելու համար մարդիկ ստիպված են վարկ վերցնել, որը մինչև տարավերջ պետությունը կփոխհատուցի: Վարկերի տոկոսները, սակայն, կամ սոցփաթեթից են վճարվելու, կամ մարդիկ իրնց գրպանից պետք է տան:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ' բանկերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վարկերի տոկոսադրույքները պետք է լինեն տվյալ բանկում սահմանված նվազագույնի չափով' տատանվելով 12-14 տոկոսի սահմաններում: Դեռևս տուօպերատորների հետ բանակցությունները չեն ավարտվել, կառավարությունում հույս ունեն, որ որոշները կհամաձայնեն ամսական վճարով հանգստի ծառայություններ մատուցել, և խնդիրը որոշ չափով կմեղմվի:
Իսկ ինչո՞ւ նախքան ծրագրի «կատարելագործումը» հաշվի չէր առնվել այդ ռիսկը, ինչո՞ւ կառավարությունը նախօրոք հաշվարկներ չէր կատարել, որպեսզի չստեղծվեր այս տհաճ իրավիճակն, ու մարդիկ ակամայից վարկերի տակ չընկնեին:
Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ' կառավարությունում այսօր այս հարցով խուճապ է առաջացել: Փաթեթի հեղինակները փորձում են հետ վերադառնալ նախկին համակարգին և գումարը դարձյալ միանվագ փոխանցել պետական աշխատողներին, ինչպես նախորդ տարի էր: Մեր տեղեկություններով' կառավարությունը միանվագ փոխանցման հարցը փորձում է այս օրերին շատ արագ լուծել, որպեսզի հուլիս –օգոստոսին հանգստանալ ցանկացող պետական աշխատողները ստիպված չլինեն պետության կողմից հատկացված սոցփաթեթից տոկոսներ վճարել բանկերին, ու չմեծանա սոցիալական լարվածությունը:
Ռոզա Հովհաննիսյան