Շվեյցարիայում ՀՀ դեսպան, հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ կեղծ հարցազրույցի հրապարակումը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական հերթական կեղծիքն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը : «Եվ ես կարծում եմ, որ առա ջիկայում նման կեղծիքներ Թուրքիայի կողմից ևս կլինեն: Ամեն ինչ կարող է լինել, այդ թվում' նաև կեղծիքներ»,- նշեց Սաֆրաստյանը:

 

Նա արձանագրեց, որ Թուրքիայի վարած քաղաքականության մեջ բացարձակապես փոփոխություն չկա: «Թուրքիայի կողմից կարող են լինել տարբեր իմիտացիոն հայտարարություններ և քայլեր, ինչպիսին, օրինակ, վարչապետի խորհրդականի պաշտոնում Մահչուփյանի նշանակումն էր, բայց իրականում, ես համոզված եմ, որ Թուրքիայի ղեկավարների ներկա սերունդը ուղղակի ընդունակ չէ սկզբունքորեն փոխել իր երկրի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրանք շարունակելու են կեղծիքների հրապարակումը և ժխտողական քաղաքականությունը»,- նկատեց Սաֆրաստյանը:

 

Թուրքական Posta լրատվականի տարածած տեղեկությունն այն մասին, թե հայ շանսոնյե, Շեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը թուրք լրագրողին հարցազրույց է տվել, չի համապատասխանում իրականությանը: Թուրքական մամուլում տարածված և հայկական իրականությունում բուռն քննարկումների տեղիք տված այս տեղեկությունը հերքել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Թուրքական լրատվամիջոցի տարածած «հարցազրույցում» նշվում էր, թե իբր հայ շանսոնյեն հայտարարել է, որ «մայրը թուրք է»: Բացի այդ, հարցազրույցում արվել էին հստակ թուրքամետ շեշտադրումներ: Օրինակ, Շառլ Ազնավուրին վերագրել էին խոսքերն այն բանի վերաբերյալ, թե վերջինս սիրում է թուրքերին, լինելով Շվեյցարիայում և ՄԱԿ-ում ՀՀ դեսպան' վարում է անկախ քաղաքականություն և չի ենթարկվում հայաստանյան իշխանություններին: Բացի այդ, հաղորդվում էր, որ Ազնավուրին է շնորհվել «Ոսկե սոսի» մրցանակը:

 

Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Էրքան Օզերմանը նյութի ամենասկզբում նշել է, որ երկար տարիներ ճանաչում է Ազնավուրին և մշտապես ցանկություն է հայտնել հարցազրույց վարել շանսոնյեի հետ: Սակայն հարցազրույցը այդպես էլ չէր հաջողվել, ինչպես պատճառաբանում է Օզերմանը' «տվյալ օրվա պայմանների, միջավայրի ճնշման կամ միգուցե և հայկական սփյուռքի արձագանքից անհանգստանալով»: Ի վերջո, նա զանգահարել է Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին, ով, ինչպես և լրագրողը, Գալաթասարայի ուսումնարանի շրջանավարտ է, և հարցրել է նրա տրամադրվածությունը Շվեյցարիայում ՀՀ դեսպան և հայտնի երգիչ Շառլ Ազնավուրի հետ ճաշելու վերաբերյալ: Վերջինս դրական պատասխան էր տվել, և կայացել էր հանդիպումը: «3 ժամ խոսելով ճաշեցինք»,- գրել էր Օզերմանը: