Թուրքիայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների ընդունման և կատարվածի համար ներողություն խնդրելու օրինագծի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիսի) օրակարգ ներառման հավանականությունը չնչին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը նոյեմբեր ի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Օրինագիծն օրերս թուրքական Մեջլիսում ներկայացրել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեբահաթ Թունջելը: «Օրինագծում ասվում է, որ բացի Դերսիմի կոտորածից, Թուրքիայում մարդկության դեմ բազում այլ հանցագործություններ են իրագործվել՝ մասնավորապես Հայոց ցեղասպանությունը: Այս տողերն ընդգծելուց հետո Թունջելը պահանջում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պաշտոնապես ներողություն խնդրի մարդկության դեմ իրագործած բոլոր հանցագործությունների համար, որից հետո մեկ տարվա ընթաց քում ստեղծվի Ճշմարտությունների հետազոտման խորհրդարանական հանձնաժողով, և կբացվեն Թուրքիայում պետական բոլոր արխիվները: Օրինագծում նաև պահանջվում է բարոյական և նյութական փոխհատուցում տրամադրել բոլոր տուժածներին և երկրում ազգային սուգ հայտարարել իրադարձությունների օրը», - ասաց Հակոբ Չաքրյանը:
Թուրքագետը մանրամասնեց, որ փորձել է համացանցի միջոցով ճշտել, թե հստակ ո՞ր իրադարձությունների օրն է առաջարկվում սուգ հայտարարել, սակայն Հայոց ցեղասպանության օրվա վերաբերյալ հստակ ոչ մի բան նշված չէր, և բավականին զարմացավ՝ տեսնելով, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կայքէջում օրինագիծը ներկայացված էր բավականին «լղոզված», մինչդեռ այլ կայքերում օրինագիծը շատ ավելի ընդարձակ էր ներկայացվել:
«Թեպետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը մեր մամուլում ներկայացվում է որպես քրդական, սակայն կուսակցությունում կան շատ թուրք մտավորականներ և արվեստի գործիչներ: Եվ չի կարելի համարել այն քրդական, պարզապես պատգամավորների մեծամասնությունն է քուրդ: Քուրդ պատգամավորներն այս օրինագծով շատ ոգևորված չեն, մանավանդ նրա համար, որ օրինագծում շեշտ է դրվում Հայոց ցեղասպանության վրա: Հայտնի պատճառներով քրդերն ամեն կերպ փորձում են շրջանցել Հայոց ցեղասպանության թեման», - հավելեց Չաքրյանը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ըստ պատգամավորների թվի խորհրդարանական չորրորդ ուժն է' 29 պատգամավորներով: Այն ստեղծվել է 2012 թ., սակայն ակտիվացել է Թաքսիմի հրապարակի Գեզիի դեպքերից հետո, և այս տարի ամռանը նրա կազմում են ընդգրկվել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները: Նախքան այդ, այն ուներ ընդհամենը չորս պատգամավոր: