Թուրքական լրատվականներն ուշացմամբ, սակայն արձագանքել են Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման փաստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվականները մեջբերել են Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարի խոսքերն այն մասին, որ ընդունված օրինագիծն ամբողջությամբ համապատասխանում է Բոլիվիայի սահմանադրությանը:
Թուրքական dokuz8haber.com կայքը հետաքրքիր դիտարկում է արել' նշելով, որ Բոլիվիայում չկան հայ բնակչություն և Հայաստանի դեսպանություն: Իսկ մեկ այլ լրատվամիջոց' turkiyegazetesi.com-ն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հայկական սփյուռքն ու Հայաստանը մեծ ջանքեր են գործադրում ճանաչման հասնելու համար:
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև' պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:
Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը »: