Նորվեգական «Միներվա» օրաթերթում լույս է տեսել նորվեգական «Սիվիտա» առաջատար վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի «Անօգուտ դիվանագիտություն» վերնագրով հոդվածը' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թ արգմանված տարբերակը.

 

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը Թուրքիան նշում է առաջին համաշխարհայինի ժամանակ իր հերոսական դրվագը:

 

Այս տարի' բազմաթիվ օտարերկրյա պաշտոնյաների մասնակցությամբ, ապրիլի 24-ին Հայաստանը նշում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Սա, իհարկե, չի ուրախացնում թուրքական իշխանություններին: Նրանց համար, ովքեր անտեղյակ են, թե իրականում ով է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կամ թե ինչպիսի դառնությամբ է ողողված թուրքական հիշողությունը, լույս կսփռի հունվարի 16-ի նրա այս հայտարարությունը.

 

«Ապրիլի 24-ին' այն օրը, երբ հայերը և հայկական սփյուռքը նշում է այսպես կոչված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, աշխարհի առաջնորդները հավաքվելու են Թուրքիայում՝ նշելու Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը»:

 

Էրդողանի այս հայտարարությունը եղավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, որի հետ, ի դեպ, Հայաստանը հակամարտության մեջ է:

 

1915թ. ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալվեցին 600 հայ հայտնի մտավորականներ ու պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, գրողներ, փաստաբաններ, բժիշկներ և սպաներ: Նրանց մեծ մասը մահապատժի ենթարկվեց Սիրիայի անապատում, կախվեց կամուրջներից կամ կախաղան հանվեց Պոլսի կենտրոնական մասերում:

 

Ձերբակալված հայերը չհասկացան ձերբակալությունների պատճառը: Նրանք իրենց ընկալում էին' որպես հավատարիմ օսմանահպատակներ: Պոլսից հետո ճանապարհը բաց էր' ցեղասպանութունն իրականացնելու համար, քանի որ հայկական ընդդիմացող մասն արդեն վերացվել էր: Մտավորականներից ազատվելը դարձել է տոտալիտար համակարգերի հայեցակարգը, սակայն այսպիսի ուժգնությամբ ոչ մի տեղ դա չի արվել, ինչպես Պոլսում: Միայն երկու տարվա ընթացքում կոտորվեց ավելի քան մեկ միլիոն հայ և հարյուր հազարավոր այլ քրիստոնյաներ՝ ասորիներ, քաղդեացիներ և ուղղափառ հույներ:

 

Էրդողանի արձագանքը Ցեղասպանության հիշատակին հետևյալն է՝ կարևորել թուրքերի (այս դեպքում' հանցագործների) հերոսական ջանքերը համաշխարհային պատերազմի ճակատամարտերի ժամանակ: Թուրքերը հրավերներ են ուղարկել ավելի քան հարյուր պետությունների ղեկավարների:

 

Սա նման կլիներ այն բանին, որ, եթե ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակի օրը սկսի նշել Վերմախտի իր հերոսական հաղթանակները Արևելյան ճակատում' Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

 

 

Առաջին Համաշխարհայինը

 

 

Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դաշնակիցն էր: Դարդանելի ճակատամարտը դաշնակից ուժերի (Ֆրանսիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա և այլն) ամենամեծ ճակատամարտերից մեկն էր, ուր մոտ 200 հազար մարդ զոհվեց: Դաշնակից ուժերի համար (Ֆրանսիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ավստալիա, Նոր Զելանդիա և այլն) ելքը դեպի Գալիպոլի կարևոր փորձ էր Օսմանյան կայսրության ելքը դեպի ծով փակելու համար: Սակայն այդ ճակատամարտը տեղի է ունեցել ոչ թե ապրիլի 24-ին, այլ հաջորդ օրը:

 

Ապրիլի 24-ը, ինչպես նշվեց, այն օրն է, երբ օսմանյան իշխանությունները մայրաքաղաքում կոտորեցին հայ մտավորականներին ու պաշտոնյաներին: Իսկ այս երկու իրադարձությունները սերտորեն կապված են: Օսմանյան կայսրության քրիստոնյաների էթնիկ բնաջնջման որոշումն արդեն կայացվել էր, սակայն դա իրականացվեց հենց այդ պահին, քանի որ երիտթուրքերը, տեղյակ լինելով, որ դաշնակից ուժերը մոտենում են, վախենում էին հայկական դավաճանությունից: Մի ժամանակահատված, որ Էրդողանն այժմ ցանկանում է հիշել շքեղությամբ ու փառքով, թեև մեկ օր շուտ:

 

Էրդողանի կարծիքով այսպիսով ձեռք է մեկնում հայերին, քանի որ հայերը նույնպես եղել են Օսմանյան զինված ուժերում Գալիպոլիի ճակատամարտում, որն իր երևակայությամբ ապացուցում է, որ հայերը ոչ թե հետապնդվել են, այլ ընդգրկված են եղել կայսրության շարքերում:

 

Նման պնդումները նոր երևույթ են, քանի որ դեռ վերջերս էր, որ Թուրքիան հերքում էր, թե հայերը հավատարիմ օսմանահպատակներ են եղել: Պրոֆեսոր Այհան Աքթարը Ստամբուլի Բիլգի համալսարանից բազում հոդվածներ է գրել Օսմանյան բանակում հայ զինծառայողների մասին, մի բան, որը մեծ քաջություն է պահանջում Թուրքիայի գիտական միջավայրում:

 

Նա գրել է, օրինակ, որ հայ հրամանատար Սարգիս Թորոսյանը պարգևատրվել է Օսմանյան կառավարության քաջության շքանշաններով, մինչդեռ նրա ծնողները և քույրը Ցեղասպանության մահվան ճիրաններն ընկան: Թորոսյանին հաջողվեց փախչել Միացյալ Նահանգներ: «Պրոֆեսոր Աքթարը Թուրքիայում խստորեն դատապարտվեց իր այս աշխատանքի համար»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը «The Independent» թերթում:

 

Թուրքիան միշտ պնդել է, որ հայերը երբեք չեն կռվել Թուրքիայի կողմից: Զարմանալի չէ, որ ողջ պատմության ընթացքում թուրքական մերժողականության հիմքում ընկած են եղել հենց հայերի անհավատարմության մասին պնդումները: Միևնույն ժամանակ, Թուրքիան պահպանում է ճշմարտության հետ առնչվելու իր պրագմատիկ մոտեցումը, քանի դեռ հնարավոր է համարում Ցեղասպանության մերժումը:

 

Այստեղ երկու պնդումներն էլ կարելի է օգտագործել որպես փաստարկ, որ իբր 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել: Մի կողմից' հայերը պոտենցիալ դավաճաններ էին, հետևաբար' բռնագաղթվեցին Անատոլիայից, իսկ մյուս կողմից' հայերը ստանում էին Օսմանյան կառավարության քաջության շքանշան, այդ դեպքում' ինչու սպանել նրանց:

 

 

 

Հանցագործ բռնապետություն



Զարմանք կարելի է ապրել' կարդալով, թե ինչպիսի թեթևությամբ է թուրքական հասարակությունը վերաբերվում այս հանցանքների ժամանակաշրջանին: Էրդողանի խոսքը կարելի է համեմատել ծաղրանկարների արձագանքի հետ: Այն հզոր ու վտանգավոր զոհի մտածելակերպ է: Հայերը զոհաբերվեցին, քանի որ թուրքական զոհի մտածելակերպն արտահայտվեց բռնությամբ: Հանցագործ բռնապետությանը բնութագրում է այն պատկերացումը, որ բոլոր քաղաքական և մշակութային խնդիրների պատճառն այլ տեղ է, այլ ոչ թե իրենց մեջ: Ըստ օսմանցիների' Օսմանյան կայսրության լճացման պատճառը հարյուրամյակներ շարունակ մեծ տերությունների միջամտություններն էին, և որ քրիստոնյաներն ու հրեաները գերտերությունների գործընկերներն էին:

 

Պաշտոնական Թուրքիան պարբերաբար պնդում է, որ իրենք պատասխանելու ոչինչ չունեն, երբ խոսքը վերաբերում է Ցեղասպանությանը, քանի որ դա եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ներքո, այլ ոչ թե ժամանակակից Թուրքիայում: Սակայն այս պնդմամբ կարծես թե մոռացվում է երկրի հերոսական անցյալը:

 

Մեկ այլ գործոնն էլ այն է, որ հենց կայսրությունից դեպի ազգային պետության անցման լարվածությունն էր, որ հանգեցրեց փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումների և սպանության: Եվ այնպես էլ չէր, թե ազգային շովինիստական բռնությnւններն անհետացան նոր թուրքական պետության մեջ: Ինչպես ասել է Թուրքիայի 1938-1950թթ. նախագահ Իսմեթ Ինոնյուն. «Մեր պարտքն է թուրքացնել Թուրքիայի սահմանների ներսում գտնվող բոլոր ոչ թուրքերին: Մենք պետք է հնձենք և դուրս նետենք բոլոր նրանց, ովքեր դեմ դուրս կգան թուրքերին և թուրքականությանը»:

 

Սա, ի վերջո, նաև վերաբերում էր մահմեդական քրդերին: Ե՛վ երիտթուրքերը, և՛ թե հետագայում քեմալականները գաղափարական հիբրիդներ էին՝ ոգեշնչված Եվրոպայից եկող ազգային շովինիզմով և թուրքական մահմեդական ավանդույթով: Թուրքիայի խոշոր քաղաքների մի շարք օդանավակայաններում կարելի է հանդիպել պաստառների, որտեղ Ցեղասպանության զոհերն այլ կերպ են ներկայացվում: Լավ վճարվող թուրքական պետական պատմության ինստիտուտը ցուցահանդեսներով և դասախոսություններով, ինչպես նաև գրականությամբ ճանապարհորդում է ամբողջ աշխարհով և ներկայացնում, այսպես կոչված , «ցեղասպանությունը», որտեղ հանցագործները ներկայացվում են որպես իրական զոհեր:

 

Իշխանությունները ակտիվորեն բարբարոսություններ են իրականացնում զոհերի մշակույթի հետքերի վերացման ուղղությամբ: Կրոնական շինությունները քանդված են, ավերված կամ թալանված: Այս ամենից միայն մի քանիսն են հայտնի: Իզմիրում, օրինակ, հայ տապանաքարերից զուգարաններ են կառուցվել:

 

Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այն մինչև օրս քաղաքականության ասպարեզում լուրջ կշիռ ունի: Պատճառն իհարկե այն է, որ Թուրքիան երբեք պատասխանատվություն չի կրել:

 

Այս տարի էլ ուշադրության պակաս չի լինի այս հարցում, և խնդիրն այն է, թե արդյոք Թուրքիան չափից ավելի ուժեղ խաղ չի իրականացնում' չափից բարձր գնահատելով սեփական փորձերն իր անօգուտ դիվանագիտության այդ ճակատամարտում: Կամ, ինչպես հեգնանքով ասում են պատմաբանների միջավայրում, Թուրքիայի ցեղասպանության սահմանումն է «Այն, ինչ մենք չենք արել հայերի դեմ» :