Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղսապանության անմեղ զոհերի հիշատակման արարողություն իրականացրած եվրոպացի եւ թուրք գործիչները Հայաստանում են` Ծիծեռնակաբերդում հարգելու զոհերի հիշատակը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը նշեց, որ ՀԲԸՄ Եվրոպայի կառույցն արդեն երկրորդ տարին է` Ստամբուլում կազմակերպում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությ ուն` համագործակցելով Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանների, մտավորականների, քաղաքացիական հասարակության անդամների հետ: «Համախմբվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման, ոգեկոչման, մարդու իրավունքների պաշտպանության գաղափարների շուրջ: Այս տարի ապրիլի 24-ին պատվիրակության անդամները ժամանել են Երևան, կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին: Նրանք հանդիպում կունենան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ և նույն օրը կհանդիպեն նաև Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,-տեղեկացրեց Եորդեկյանը:
«EGAM» հակացեղապաշտական կազմակերպության նախագահ Բենջամին Աբտանի համոզմամբ` Թուրքիան անպայման կճանչի Հայոց ցեղասպանությունը: «Մեզ հաճախ են հարցնում, որ չլինելով հայ կամ հայկական կազմակերպություն` ինչո՞ւ ենք ոգեկոչում Հայոց ցեղասպանությունը: Պատասխանը պարզ է, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանությանը, այն ազգություն, ժողովուրդ, էթնիկ խումբ չի ճանաչում, այն մարդկության, մարդու իրավունքների պաշտպանության հարցն է, բոլոր նման մտածելեակերպ ունեցող մարդկանց պարտքն է հիշելն ու դատապարտելը»,-ասաց նա` հավելելով , որ ցեղասպանությունը ցեղապաշտության գերագույն արտահայտումն է, իսկ դրա ժխտումը նույնական է ցեղասպանությանը: Բենջամին Աբտանի խոսքով` որքան էլ թուրք հասարակությունը հանդիպում է Հայոց ցեղասպանության ժխտման վրա խարսխված թուրքական քաղաքականությանը, այնուամենայնիվ, Թուրքիայում կան անհատներ, ովքեր հստակ դիրքորոշում ունեն և որոշել են կանգնել ու ասել ճշմարտությունը: «Դրա համար ես չեմ կարողանում բավարարվել վարչապետ Էրդողանի հայտարարությամբ: Իհարկե, տոնայնությունը փոխված է, բայց կա ժխտում, որը բռնություն է ճշմարտության, պատմության, Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ»,-ասաց բանախոսը: Նույն հայտարարություններն նրանք հնչեցնում են նաև Թուրքիայում ապրիլի 24-ի արարողության ժամանակ: «Իհարկե, այս տիպի հայտարարությունները հեշտ է անել այստեղ, բայց նույն ձևով մենք կոչեր ենք հնչեցնում նաև Թուրքիայում: Մենք վարչապետ Էրդողանին բացատրել ենք, որ որևէ երկիր այնքան հիմար չէ, որ խաբվի և փաստերը մի կողմ դնի: Ոչ մի հասարակություն, պետություն, այնքան ուժեղ չէ, որ կանգնեցնի այն շարժումը, որը ներկայում տեղի է ունենում Թուրքիայում»,-ավելացրեց Բենջամին Աբտանը:
Նաև նաև հավելեց, որ Հայաստան ժամանած իրենց պատվիրակության նպատակներից է գտնել նոր մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր պատրաստ են աջակցել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
«Դյուր Դե» թուրքական կազմակերպության ներկայացուցիչ Լևանտ Շեմսևերը, ում խոսքով, կազմակերպությունը հիմնվել է 2007-ին Հրանտ Դինքի սպանությանն ի արձագանք, հայերի նկատմամբ խտրկանության դեմ պայքարը համարում է իրենց աշխատանքի հիմնական մասը: Նրա հավաստմամբ` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցից հետո Թուրքիայում սկսեցին տարբեր արշավներ, որոնց նպատակը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ու ներողություն խնդրելն է: «Ամեն տարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ են միանում մեր միջոցառումներին, այդ թվում` ք րդեր, հայ համայքնի ներկայացուցիչներ, սփյուռքահայեր: Անցած տարի առաջին անգամն էր, որ սփյուռքահայ կազմակերպությունները մասնակցում էին ոգեկոչման արարողությանը, որ կազմակերպել էին թուրքերն ու քրդերը»,-ասաց Լևանտ Շեմսևերը:
Նա նշեց, որ 2015-ին ընդառաջ իրենք միջոցառումների շարք են նախապատրաստում «Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմ» ձևաչափով: «Մենք ծրագրում ենք ոչ միայն մեկ օր հիշատակի արարողություն անցկացնել, այլև ամբողջ տարվա ընթացքում գիտաժողովներ, միջոցառումներ, հավաքներ անցկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-ասաց թուրք գործիչը` հավելելով. «Մենք նաև պատրաստվում ենք կազմակերպել մի արշավ, որի նպատակն է Թուրքիայի կողմից պաշտոնապես ընդունել ցեղասպանությունն ու ներողություն խնդրել»:
ՀԲԸՄ Եվրոպայի «Հայք» կազմակերպության ներկայացուցիչ Դիանա Հաջգարոն, ով Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի անդամ է, նշում է, որ իրենց կառույցի աշխատանքի կարևոր մասը Հայոց ցեղասպանության ճանաչումն է աշխարհում: «Ես ապրում եմ Գերմանիայում, իմ նախնիները ապրել են Ստամբուլում ու գաղթել Եվրոպա Հայոց ցեղասպանության տարիներին: Ես առաջին անգամ է Հայաստանում եմ ու այնպիսի զգացողություն ունեմ, կարծես վերադարձել եմ ընտանիք: Մենք «Հայք» կամազմակերպության շրջանակներում իրականացնում ենք կրթական ու մշակութային միջոցառումներ` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ասաց նա: