Հայոց ցեղասպանության 100-տարելիցի կապակցությամբ հունական «Հիշողություն» պարբերականը ծավալուն հոդվածով ներկայացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մանրամասներն ու շեշտել, որ մինչ օրս Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ազատ օր»-ը, «Mνήμη» պարբերականի «Առանց պատժի ոճիր» հոդվածում հեղինակը ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության մասին, այլև ներկայացնում թուրք մտավորականների տեսակետները, որոնք վերջին շրջանում դարձել են առավել համարձակ և ներկայացնում են պատմական իրականությունը:

 

 

Հոդվածի մի զգալի հատված պատմում է Թուրքիայում իսլամացած հայերի մասին: Ֆեթիհյե Չեթինի պատմությամբ հեղինակը փորձում է ընդհանրական կերպով ներկայացնել այլ իսլամացած հայերի ճակատագիրը՝ հավելելով, որ եթե թուրք իրավաբանը գոնե հասուն տարիքում իմացել է իր արմատների մասին, հազարավոր իսլամացած հայեր այդպես էլ չգիտեն իրենց նախնիների պատմությունը կամ էլ' վախենում են խոսել այդ մասին: