Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է «Անատոլիայում հայկական մշակութային հետքերը» խորագիրը կրող միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, միջոցառման ժամանակ հետազոտող, ճարտարապետ Զաքարյա Միլդանօղլուն պատմել է Հայոց ցեղասպանությունից առաջ հայերով խիտ բնակեցված 19 քաղաքներում հայերին պատկանող կարևոր կառույցների և նրանց մշակութային կյանքի մասին:
Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Աբդուլբաքի Բողան բացման խոսքում նշել է, որ մշտապես շարունակելու են Հայոց ցեղասպանության ժխտման դեմ, նաեւ հայերի ինքնությունն ու մշակույթը ոչնչացնելու դեմ իրենց պայքարը: Կազմակերպության փոխնախագահ Մերալ Չըլդըրը, ով նաև Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովի անդամ է, հայտնել է, որ 2015 թվականին ընդառաջ սկսում են «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ' վերջ ժխտմանը» խորագրով արշավ: Չըլդըրը նշել է, որ ժխտումը չի սահմանափակվում միայն Ցեղասպանությունը հերքելով, այն շարունակվում է նաև տվյալ աշխարհագրությունում հազարավոր տարիների պատմություն ունեցող հայկական գոյությունը, պատմությունը, պատմական ժառանգությունը ժխտելով: «Համաշխարհային ժառանգության մասը կազմող հուշարձանների մեծ մասը անուշադրության հետևանքով փլուզման են մատնվել»,- ահազանգել է Չըլդըրը:
Իր ելույթի ժամանակ Զաքարյա Միլդանօղլուն պատմել է, թե ինչպես դինամիտների և հրետանակոծությունների հետևանքով ավերակների են վերածվել Կայսերիի (Կեսարիա), Մուշի, Էրզինջանի (Երզնկա), Սիվասի (Սեբաստիա), Անթեփի (Այնթապ), Դիարբեքիրի, Քութահյայի, Արդվինի, Ադանայի, Անկարայի, Մարդինի, Ուրֆայի, Տրապիզոնի, Մալաթիայի, Կարսի, Յոզղաթի հայկական եկեղեցիները, դպրոցները, վանքերը և հայկական թաղամասերը: Միլդանօղլուն նշել է, որ հայկական մշակութային հետքերը ոչնչացվել են նաև հանրապետության շրջանում: Միաժամանակ նա ներկաներին է ցույց տվել հայկական շատ հուշարձանների լուսանկարներ: