Հայոց ցեղասպանության մասին արձագանքները կմեկտեղվեն «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում: Այս մասին հուլիսի 31 «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի մեկնարկի ժամանակ նշեց ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրը իրականացվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքները «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում մեկտեղելու համար:

 

«Ծրագրի նպատակն է անդրադառնալ Ցեղասպանության տարիներին գրված նամակներին և վկայություններին, եւ դրանց միջոցով, որպես խայծ օգտագործել ներ մտավորականության վերջին նամակները՝ մահից առաջ, որոնք նրանք հղել են իրենց հարազատներին:

 

Զարմացնում են օրինակ Գարեգին Խաժակի տողերը, ուղղված իր զավակներին, որտեղ նա կտակում է գնալ իր ճանապարհով՝ չտարրալուծվել գաղափարապես և պայքարել մինչև վերջ: Այսօր էլ այդ կոչը մենք պետք է տանք մեր զավակներին», - ասաց Հասմիկ Հախվերդյանը' հավելելով, որ «հարյուր տարի անց պետք է ապացուցենք, որ հայոց գենն, այնուամենայնիվ չի վերացել»:

 

«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագիրքը ներառելու է Ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները, հայ և օտարազգի գործիչների անդրադարձերը Հայոց ցեղասպանության փաստին, ինչպես նաև տարբեր արխիվներից քաղված տասը վավերապատկերումներ և դրանց շուրջ գեղանկարի և քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները:

 

Հայաստանի աղգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանի խոսքով, գեղանկարի և քանդակի մրցույթին կարող են մասնակցել մինչև քառասուն տարեկան արվեստագետներ: «Մեր ազգի ֆենոմենն այն է, որ, վերապրելով ցեղասպանությունը, հայ նկարիչները 1916 թվականին, Թիֆլիսում ստեղծում են նկարիչների միություն, քսանականներին Փարիզում ստեղծում են ստեղծագործական միավորում, երեսունականներին՝ Ազատ արվեստագետների միություն, որոնց ցուցահանդեսներով և ստեղծագործական աշխատանքներով մասնակցել են այն արվեստագետները, որոնցով այսօր մենք աշխարհի առաջ հանդես ենք գալիս' որպես մշակութային ազգ:

 

Մրցույթի հաղթողներին որոշելու համար կստեղծվի մասնագիտական հանձնաժողով, որը կընտրի երիտասարդ արվեստագետների լավագույն արձագանքները ցեղասպանության վերաբերյալ», - հավելեց Արմեն Գասպարյանը:

 

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ այս մտահաղացումը ներկայացրել են, քանի որ իրենց ֆոնդերը այսօր լի են արխիվային նյութերով, և ծրագրի արդյուքները շոշափելի կդառնան հաջորդ տարվա սկզբում, իսկ պատկերագրքի շնորհանդեսը ծրագրվում է իրականացնել 2015թ-ի ապրիլի 24-ին:

 

Այս տաարվա ապրիլի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով եւ հաստատվել է հանձնաժողովի կազմը: Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, հանրապետության ղեկավարի հրամանագրով' մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: