Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի վերաբերյալ թուրքական մերժողականության պատը քանդելու գործում հատկապես մեծ է երկրի ներսում գտնվող թուրք մտավորականների գործունեության նշանակությունը: Նման թուրք մտավորականների շարքում Թաներ Աքչամն առաջիններից էր, ով բարձրաձայնեց 20-րդ դարասկզբին երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրագործված ոճրի մասին և մինչ օրս իր տարբեր հայտարարություններով Թուրքիային կոչ է անում առերեսվել պատմական իրողության հետ ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ը հայ-թուրքական հարաբերույթյունների բարելավման, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների և դրան նպաստող գործոնների մասին զրուցել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ:

 

-Հրանտ Դինքի հեղինակած գրքերից մեկը վերնագրված էր այսպես. «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերություններում առկա սառույցի հալմանը:

 

-Միայն երկու կարևոր գործոն: Առաջին' Թուրքիայում քաղաքացիական դիմադրության աճը: Երկրորդ' արևմտյան երկրների ու մասնավորապես սփյուռքահայերի դրական ճնշումների աճը: Ըստ իս, Թուրքիայի քաղաքացիական նախաձեռնությունների ու սփյուռքի համատեղ աշխատանքն այն գործոնն է, որը կփոխի Թուրքիայի քաղաքականությունը: Թուրքական կառավարությունն ամենից շատ վախենում է հենց այդ համագործակցությունից: Եթե Թուրքիայում իշխանության ընդդիմադիրները և սփյուռքահայերը միավորվեն, կառավարությունը լուրջ ճնշման տակ կմնա:

 

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ինչպե՞ս կարող է փոխվել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

 

-Ես մեծ փոփոխություններ չեմ ակնկալում Թուրքիայի քաղաքականության մեջ: Շատ կուզեի սխալվել: Կարծում եմ, թուրքական կառավարությունը, ձևացնելով, թե որոշ բաներ փոխում է, առանց որևէ փոփոխություն կատարելու ակնկալում է շրջանցել այդ շրջանը: Այդ պատճառով կարող է որոշ կոսմետիկ քայլեր անել: Եվ այդ քայլերը ասպարեզ կարող է հանել «ահա արեցինք, էլ ի՞նչ եք ուզում» տրամաբանության մեջ: Փոփոխության համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանն առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման Թուրքիային թույլտվություն տա, իսկ դա շատ բարդ է թվում:

 

-Թուրքիայի հասարակական գիտակցության արթնացումը կարո՞ղ է նպաստել այն բանին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծանա պետության նկատմամբ ճնշումը:

 

-Հայոց ցեղասպանությունն աստիճանաբար Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար կարևոր թեմայի է վերածվելու: Մարդիկ արդեն ցանկանում են իմանալ ու սովորել, թե իրականում ինչեր են տեղի ունեցել: Ես չափազանց մեծ կարևորություն եմ տալիս Թուրքիայի ներսից կառավարության վրա արվելիք ճնշումներին: Կարող եմ ասել, որ որքան քաղաքացիական հասարակությունը բարձրացնի ցեղասպանությունը ճանաչելու պահանջը, այնքան կառավարությունն իրեն հզոր ճնշման տակ կզգա:

 

-Պարոն Աքչամ, լսել ենք, որ հայերի վերաբերյալ նոր գիրք եք գրում: Մոտ ժամանակներս ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու:

 

-Այժմ տարբեր նախագծեր կան, որոնց վրա աշխատում եմ, գիրք եմ նախապատրաստում 1919 թվականի փետրվար-մայիս ամիսներին Տրապիզոնի Յոզղատի դատավարության վերաբերյալ: Բացի այդ, 2015 թվականի մայիսին կհրատարակվի «Կանոնների ոգին» գրքիս անգլերեն տարբերակը: