Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ' ամերիկյան հեղինակավոր The Independent թերթի թղթակիցը զուցել է անցած դարի առաջին ցեղասպանության վերջին ականատեսներից մեկի 100-ամյա Եվնիգ Սալիբյանի հետ: «Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստերը հստակ և իրական են, ինչպես ավելի ուշ տեղի ունեցած հրեական հոլոքոստինը: Բայց ցեղասպանությունը դատապարտված է նորից կրկնվելու, քանզի թուրքական պետությունը շարունակում է հերքել այն' պնդելով, որ Օսմանյան կառավարությունը չի իրականացրել մոտ մեկ հարյուր տարի առաջ միլիոնավոր հայ քրիստոնյաների ոչնչացման պատճառ դարձած ցեղասպանությունը: Իրենց ոճրագործություններն իրականացնելու համար թուրքերն օգտագորել են գնացքներ և գազային կամերաներ, դաս, որն ապագայում յուրացրեցին գերմանացիները… Ամեն օր չէ, որ մեզ հնարավորություն է ընձեռվում հանդիպել մարդկության պատմության անմիջական դիտորդի: Ցավոք, շուտով այլևս չեն լինի Եվնիգներ, որ պատմեն մեզ իրենց պատմությունը»,- գրում է թերթը:

 

Հարյուր տարին բոլորած Եվնիգ Սալիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 14-ին միջին խավի հայ վաճառական Աբոշ Աբոշյանի ընտանիքում: Այժմ նա բնակվում է Կալիֆորնիայում, որին բնորոշ տաք զեփյուռը և արմավենիները խորթ են իր ծննդավայր Այնթապ քաղաքին: Չնայած տարիքին' Եվնիգ մայրիկը սուր հիշողություն ունի, և նրա հիշողության մեջ վառ կերպով մտապահվել են Հայոց ցեղասպանության արհավիրքները, թեև այդ ժամանակ նա ընդամենը երեք տարեկան է եղել:

 

Նա պատմել է, թե ինչպես թուրքերը հայերի կոտորածները և տեղահանությունները շարունակել են մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ամիսները' 1917 թվականը, և թե ինչպես էր ինքը' երեքամյա փոքրիկ աղջնակը, տան դռան ճեղքերից հետևում հայ մանուկների բռնի տեղահանմանը: «Դա հին փայտյա դուռ էր, որի վրա ճեղքեր կային: Ես նայում էի դռան անցքերից, դրսում ոտաբոբիկ շատ երեխաներ կային, իսկ թուրք ժանդարմերիան մտրակելով քշում էր նրանց փողոցով ներքև: Երեխաներից մի քանիսը ծնողներ ունեին: Մեզ արգելել էին հաց տալ նրանց: Ոստիկանները մտրակում և մեծ մահակներով ծեծում էին երեխաներին: Ես մինչև հիմա լսում եմ այդ երեխաների ճիչերը, ինչպես այն ժամանակ' դռան անցքից նայելիս»,-պատմել է Եվնիգ մայրիկը:

 

Աբոշյանների ընտանիքը հավանաբար կարողացավ փրկվել միայն այն բանի շնորհիվ, որ հայրն առևտրային գործարքներ էր կատարում օսմանյան բանակի հետ: 1921 թվականին ֆրանսիական զորքերի հետ Աբոշյանների ընտանիքը գաղթել է Սիրիա, որտեղ էլ նա ամուսնացել է: Իսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին' 1976 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ:

 

The Independent-ի թղթակցի այն հարցին, թե իչնպե՞ս է վերաբերվում թուքերին, Եվնիգ մայրիկը պատասխանել է. «Ես աղոթում եմ Թուրքիայի համար: Աղոթում եմ թուրք պաշտոնյաների համար, որ նրանք կարողանան տեսնել Հիսուսին: Մուհամեդ Մարգարեի թողած ժառանգությունը փոշի է, իսկ Հիսուսը կենդանի է երկնքում»: