Ֆրանսիական «Le Droit de Vivre» պարբերականի N653-ի (2014թ. դեկտեմբեր-2015թ. հունվար) գլխավոր, 13 էջանոց հոդվածաշարը (18-31 էջեր) նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոդվածաշարը պատրաստված է խմբագրության կողմից' հռչակավոր ցեղասպանագետ, պրոֆեսոր Իվ Տերնոնի և Collectif VAN (Vigilance Arménienne contre le Négationnisme -«Ժխտողականության դեմ հայկական զգոնություն») կազմակերպություն ղեկավաÖ € Սեդա Փափազյանի մասնակցությամբ:
Հոդվածաշարի ներածական մասում' (էջ 18) գլխավոր խմբագիր Անտուան Սպիրի խմբագրականում, մասնավորապես, ասված է. «Սա 20-րդ դարի պատմության սև էջերից է, ավաղ, դեռ վիճարկվող Թուրքիայի կողմից: Այս ողբերգությունը հետապնդում է զոհերի ժառանգներին սերնդեսերունդ: Ստամբուլում հայկական անվանումները ջնջվել են, և Էրդողանի ռեժիմը շարունակում է տարածել անտանելի ժխտողականությունը: Բայցև արդեն մոտ երկու տասնամյակ թուրք դեմոկրատները պայքարում են, որպեսզի 1915-ի ցեղասպանության մասին ճշմարտությունը գտնի իր ճանապարհը: Ֆրանսիայում մենք բազմա թիվ ենք, ով ցանկանում է, որ ոճրագործության ժխտողները վերջապես պատժվեն: LICRA-ում, մենք հանձն ենք առնում հայկական ճրագը վառ պահել ողջ 2015թ. ընթացքում»:
Խմբագրականին կից ներկայացված է Հայոց ցեղասպանության և դրան հաջորդած մեկդարյա ժամանակագրությունը: Նշվում են ինչպես ցեղասպանության կազմակերպման, իրականացման տարեթվերը և հետևանքները, այնպես էլ ցեղասպանությանը հաջորդած տարիների կարևոր իրադարձությունները' «Նեմեսիս» գործողությունը, «ցեղասպանություն» եզրույթի հիմնումը, Հայոց ցեղասպանության հիսունամյակի առիթով ազգային զարթոնքը թե Հայաստանում, թե Սփյուռքում, Հայկական գաղտնի բանակի' Ֆրանսիայում ակտիվության տասնամյակը, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչումը և վերջին տասնամյակի զարգացումները (Հրանտ Դինքի սպանություն, թուրք մտավորականների ստորագրահավաք, Հասան Ջեմալի գիրք, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական):
«Չնայած ապացույցներին, Էրդողանը դեռ ժխտում է» վերնագրով հոդվածում (էջ 19-21) հեղինակ Ալեն Բարբանելը, Իվ Տերնոնի խոսքերը մեջբերելով' ներկայացնում է թուրքական ժխտողական քաղաքականության գլխավոր բաղադրիչները' քննադատաբար անդրադառնալով կեղծիքի պետական քարոզչությանը, պատմաբանական վեճերի' որպես անվերջ ժամանակ ձգելու միջոց օգտագործմանը և խոսելում է թուրք մտավորականների դիրքորոշման մասին' Ջեմալ օրինակով: Խոսելով, մասնավորապես, Էրդողանի կողմից ներկայացված ցավակցությունների մասին, հոդվածագիրը հեգնում է. «Նույնիսկ երբ Էրդողանը համաձայնում է, որ հայերը կյանքեր են կորցրել, այդպես էլ անհայտ է մնում, թե ինչպես են կորցրել, և ով է այդ կյանքերը խլել:» Հոդվածին զուգահեռ էջ 19-ում ներկայացված է տեղեկատվություն Ֆրանսիայի նախագահի 2015թ. ապրիլի 24-ին Երևան կատարելիք այցի, իսկ էջ 20-ում Փարիզում մարտի 25-28-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի միջոցառումները համակարգող հանձնախմբի կողմից կազմակերպվելիք գիտնականների և հետազոտողների միջազգային համաժողովի մասին:
«Ցեղասպանության նախատիպը» վերնագրով հարցազրույցում (էջ 22-23) ցեղասպանագետ Իվ Տերնոնը ներկայացնում է ցեղասպանության մոդելը' գաղափարի ծագման փուլից մինչև դրա իրականացումը: Գիտնականը վերլուծում է երիտթուրքերի իշխանության գալու հետևանքները և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման կարևորությունը թյուրքիզմի գաղափարի առաջխաղացման համար: Հարցազրույցում վերջինս վերլուծում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայում թութսիների ցեղասպանության ընդհանրական կետերը և հանգում եզրակացության, որ հայերի ցեղասպանությունը, լինելով հաջորդող ցեղասպանությունների նախատիպը, միաժամանակ տարբերվում է այլ ցեղասպանություններից' իրագործողի կողմից շարունակվող ժխտողականությամբ, ինչը անհնարին է դարձնում նաև դրա արդար հատուցումը: Հարցազրույցում Տերնոնը առաջ է տանում նաև այն հիպոթեզը, որ ներկայիս Թուրքիայում մոտ մեկ միլիոն հայկական արմատներ ունեցողներ են ապրում:
«Ցեղասպանությունը մի հոր օրագրում և իր դստեր հիշողության մեջ» հոդվածը (էջ 24) պատմում է ֆրանսահայ հրապարակախոս Ժանին Ալթունյանի' իր հոր օրագրի միջոցով վերապրած ցեղասպանության մասին: Ընտանեկան պատմությանը զուգահեռ ներկայացվում է նաև հոր օրագրի տպագրման պատմությունը և կոլեկտիվ տրավմատիզմի մասին Ժանին Ալթունյանի հոգեվերլուծական աշխատությունների վերաբերյալ տեղեկատվություն: «Հասան Ջեմալի խիզախ խոստովանությունը» հոդվածն (էջ 25) իր հերթին պատմում է վերջին տարիներին աղմուկ հանած' Ցեղասպանության գլխավոր իրագործողներից Ջեմալ փաշայի թոռան կողմից պատմական իրողության հետ առերեսումը և հրապարակային ճանաչումը' իր' 2012թ. լույս տեսած «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի միջոցով:
«Երջանիկ, ինչպես հայը Ֆրանսիայում» վերնագրով հոդվածը (էջ 26-27) նվիրված է հայկական արմատներով ֆրանսիացիների' երկու մշակույթով լցված կյանքին: Հոդվածը մեջբերում է համայնքային կյանքում մի շարք ակտիվ ֆրանսահայերի խոսքերն առ այն, որ Ֆրանսիայի հայերի մեջ երկու մշակույթները' արմատների և ընդունած երկրի, իրար չեն խանգարում: Հոդվածում խոսվում է նաև հայերեն լեզվի պահպանման կարևորության, համայնքի մշակութային կյանքի և Հայ առաքելական եկեղեցու մասին: Հոդվածն ավարտում է ընդգծելով, որ հայկական արմատներով ֆրանսիացիները հաջողվա ծ ինտեգրման օրինակ են, ովքեր նվիրված լինելով Ֆրանսիային' չեն մոռանում և միշտ հետաքրքրվում են իրենց արմատներով:
«Դեր Զոր. զոհաբերված հուշարձան» հոդվածը (էջ 28) պատմում է Հայոց ցեղասպանության ընթացքում Դեր Զորի խորհրդանիշի և հետագայում աշխարհի տարբեր ծայրերից հայերի ուխտագնացության վայր դառնալու մասին: Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-եկեղեցու ավերմանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Խոսելով հուշարձանի ավերման գործում թուրքական հնարավոր հետքի մասին' հոդվածն անդրադառնում է նաև Քեսաբի վրա հարձակմանը' նշելով, որ Թուրքիայ ի կողմից ահաբեկչական խմբավորմանը սատարելու ապացույցներն օր օրի ավելանում են: Հոդվածագիրը նաև նշում է, որ ահաբեկիչների հարձակման պատճառով միջազգային ճանաչում ձեռք բերած Կոբանե քաղաքը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի կողմից և այնուհետև միայն հյուրընկալել քրդերին' աստիճանաբար վերածվելով քրդական քաղաքի:
Հոդվածաշարի նախավերջին բաժինը (էջ 29-30) անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը նվիրված կինեմատոգրաֆիային: Նախ, ներկայացվում է ֆրանսահայ կինոգործիչ Ժակ Կեբադյանի երկար տարիների աշխատանքը, մասնավորապես, վավերագրական ֆիլմերը, ցեղասպանությունից փրկվածների հետ նկարահանված հարցազրույցները, որոնք հետագայում փոխանցվել են Ֆրանսիայի ազգային տեսաձայնային ինստիտուտ: Հոդվածում նշվում է, որ 60-ականներից ի վեր Կեբադյանը ակտիվ նկարահանումներ է իրականացնում. վերջին ֆիլմը, որ ներկայումս պատրաստվում է, նվիրված է լինելու «Եր ազ» ֆրանսահայ պարային համույթին:
Այնուհետև համառոտ ներկայացված են Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված գեղարվեստական ֆիլմերը, որոնց շարքում են հոլիվուդյան «Հոշոտված Հայաստանը» (1919թ.), Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1977թ.), հոլիվուդյան «Մուսա Լեռան քառասուն օրը» (1982թ.), ֆրանսահայ Անրի Վեռնոյի «Մայրիկը» (1991թ.), կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատը» (2002թ.), Գերմանիայի թուրք Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմը (2015թ.), ինչպես նաև դեռևս միայն հատարարված «Genex» ֆիլմը:
Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածաշարի վերջին հոդվածը (էջ 31) LICRA-ի հետ համագործակցող Collectif VAN կազմակերպություն ղեկավար Սեդա Փափազյանի «Հայեր, հրեաներ, թութսիներ. իրական համերաշխություն, թե զոհյալի պատեհապաշտություն» հրապարակախոսականն է, որտեղ վերջինս անդրադառնում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների փոխխհարաբերություններին և զոհի կարգավիճակի մրցակցությանը: Սեդա Փափազյանը ցավով արձանագրում է, որ ֆրանսահայերի կողմից Հոլոքոստի հանդեպ հարգալից վերաբերմունքը և հակասեմականության դեմ պայքարին մասնակցելը հաճախ ընկալվում է որպես ոչ թե սատարում, այլ հրեաների ազդեցիկության օգտագործում' ըստ պատեհ առիթի: Մինչդեռ հայերը, լինելով ցեղասպանության զոհ դարձած առաջին ժողովուրդը, ցանկացած այլ ցեղասպանությունների հանդեպ ենթագիտակցորեն ունեն սրտացավ մոտեցում: Ավարտելով իր հրապարակախոսական հոդվածը' Սեդա Փափազյանը միասնության կոչ է ուղղում ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարող բոլոր միավորումներին:
«Le Droit de Vivre» («Ապրելու իրավունք») ֆրանսալեզու պարբերականը հանդիսանում է 1920-ականներին Ֆրանսիայում հիմնված' «Ռասիզմի և հակասեմականության դեմ միջազգային լիգա» (Ligue internationale contre le racisme et l'antisémitisme - LICRA) կազմակերպության պաշտոնաթերթը և համարվում է աշխարհում ամենահին հակառասիստական պարբերականը: LICRA-ն պայքարում է Ֆրանսիայում ռասիստական, հակասեմական, ազգայնական գաղափարախոսությունների, դրսևորումների դեմ և զբաղվում տարբեր ժամանակներում խտրականությունների թիրախ դարձած խմբերի իրավունքների պաշտպանությամբ: Լի նելով Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքի պատմական և ազդեցիկ դերակատար' ներկայումս իր գործունեության շրջանակներում վայելում է պետական մարմինների և մեդիադաշտի մեծամասնության աջակցությունը: