Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆրանսիական հեղինակավոր «l'Histoire» ամսագրի փետրվարյան համարը լույս է տեսել «Հայեր. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագիրը կրող 50 էջանոց ծավալուն հոդվածաշարով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ամսագրի էջերում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտողների և պատմաբանների հեղինակած հոդվածներ, որոնք ուղեկցված են ինֆոգրաֆիկայով և փաստավավերագրական կադրերով:

 

Ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Հարություն Գևորգյանի «Մի բնաջնջման սցենար» ծավալուն հոդվածը ներկայացնում է հայերի հանդեպ գործած ոճրագործության սցենարը' փաստական վերլուծության ենթարկելով մտահղացման, ծրագրման, հրամանի, դրա իրականացման փուլերը, արդյունքները, ինչպես նաև հայերի ջարդերի և տարհանման քարտեզը:

 

Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի տնօրեն Ֆրանսուա Ժորժոնի հետ հարցազրույցում «l'Histoire»-ն անդրադառնում է նախքան Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հայ համայնքին և դրա դերին: Իսկ հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի հետ հարցազրույցը նվիրված է 20-րդ դարի կեսերից սկսած' սերունդներ անց Հայոց ցեղասպանության հիշատակի զարթոնքին:

 

Հոդվածաշարը պարունակում է այլ հոդվածներ' նվիրված աշխարհասփյուռ հայության ներկայիս պատկերին, Ժան Ժորեսի գլխավորությամբ Ֆրանսիայի հայասերների շարժմանը, ինչպես նաև վերջին տարիներին Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնող թուրք մտավորականներին' ներառելով նաև Թաներ Աքչամի «Ինչու՞ Թուրքիան չի բացում արխիվները» հոդվածը: