Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապը 1915 թվականի սեպտեմբերի 10-ին պաշտոնական նամակով դիմեց Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 5-ին, որն այն ժամանակ թուրքական սահմանադրությամբ դե-յուրե երկրի առաջին դեմքն էր համարվում, և իր բողոքի ձայնը բարձրացրեց հայերի հանդեպ իրականացվող համատարած բռնությունների և ջարդերի դեմ, կոչ անելով անհապաղ դադարեցնել Թուրքիայում կատարվող զանգվածային հանցագործությունները:
Դրանից ուղիղ մեկ դար անց Հռոմի Ֆրանցիսկոս պապը այդ ոճրագործությունը արդեն հստակ սահմանեց որպես «գենոցիդ»՝ գործնականում կրկնելով Հովհաննես Պողոս 2-րդ պապի՝ 2001-ին պատարագի ժամանակ Հայոց եղեռնի վերաբերյալ արտաբերած խոսքերը:
2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցեց Սուրբ պատարագ: Իր ելույթում Ֆրանցիսկոսը նշեց, որ 20-րդ դարում մարդկությունը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն՝ Հայոց ցեղասպանությունը, նացիզմը և ստալինիզմը, բնորոշելով հայերի զանգվածային ջարդերը որպես «20-րդ դարի մարդկության հանդեպ իրականացված առաջին ցեղասպանություն»:
«Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի՝ առանց այն վիրակապելու»,- ասել էր պապը։
Լուսանկարում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, 12-ը ապրիլի, 2015 թ.