Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Forbes-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը' այն ներկայացնելով որպես համամարդկային պատմության մասնիկ:
«Հասկանալու համար Հայոց ցեղասպանությունը անհրաժեշտ է ուսումնասիրել 1915թ. իրադարձությունները համաշախարհային պատմության շրջանակում»,-գրում է Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ Ջանո Պողոսյանը' շեշտելով, որ 19-րդ դարում գլուխ բարձրացրած ազգայնականությունը թելադրեց մի շարք փոփոխություններ ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ Օսմանյան կայսրությունում:
«Ազգային փոքրամասնությունների անկախության համար մղվող պայքարը ավելի էր արագացնում երբեմնի հզոր կայսրության վախճանը: Բալկաններում եւ Կովկասում հնարավոր կորուստները թուլացրել էին կայսրությունը: Մինչ հայերը փնտրում էին աջակիցներ ազատագրական պայքարների համար, Աբդուլ Համիդ երկրորդը, որ հայտնի էր «Կարմի սուլթան» կեղծանվամբ, 1894-1896թթ. 300.000 հայի սպանեց: 1909թ. երիտթուրքերի իշխանության գալուց եւ բարեփոխումների եւ լիբերալության խոստումներից մեկ տարի անց Ադանայում սպանվեց 30.000 հայ: Իշխանության գլուխ եկած երիտթուրքերի քսենոֆոբյան դարձավ ակնհայտ, եւ անմարդկային վերաբերմունք սկսվեց ազգային փոքրամասնությունների հանդեպ:
Թուրքական իշխող դասակարգը սերնդեսերունդ պահպանել է սոցիալական հավասարությունը, մինչեւ տեղի չունեցավ իշխանափոխություն: Սոցիալական հավասարության կառուցվածքի կոտրումը նպաստեց, որ ազգային փոքրամասնությունները փնտրեն հավասարություն եւ անկախություն, իսկ քանի որ իշխող դասակարգի օրակարգում դա չկար, դարեր շարունակ իրար կողք ապրող հարեւանները դարձան թշնամիներ»,-գրում է հեղինակը'հավելելով, որ ազգային պետականության գաղափարախոսությունը ժամանակի ընթացքում վերաճեց քսենոֆոբիայի: Հենց դա էր պատճառը, որ հայերի ցեղասպանությանը հաջորդեց հրեաների, Ռուանդայի ցեղասպանությունը: Այս առումով Հայոց ցեղասպանությունը նախադեպային է: Հոդվածագիրը ներկայացնում է ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը, որտեղ վեց կետերով բնորոշվում է «ցեղասպանություն» տերմինը:
«Հայերը այդ վեց կետերով էլ ենթարկվել են ցեղասպանության: «Ցեղասպանություն» բառը չի կարող արտահայտել այն ամբողջ ողբերգությունը, որ ապրել են հայերը երիտթուրքերի ռեժիմի ժամանակ: Բառը խելամիտ կերպով չի նկարագրում պատմական ազգի բնաջնջման փորձը: «Ցեղասպանություն»-ը չի կարող արտահայտել 3000-ամյա հին քաղաքների հիմնահատակ ավերումը, «ցեղասպանություն»-ը չի կարող արտահայտել մի ամբողջ հզորագույն մտավորականության, մշակույթի եւ լեզվի կորուստը»,- գրում է հեղինակը' հավելելով, որ Ցեղասպանության դառը հուշերն անհնար է հիշողությունից հանել, եւ այսօր ցեղասպանության զոհերն ու նրանց ժառանգները արդարադատության պահանջ են զգում: