Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայկական կողմը պետք է բազմակողմ աշխատանք տանի, որն ավելի ինտենսիվ և համակարգային բնույթ պետք է ստանա: Փետրվարի 11-ին լրագրողնեի հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: «Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը արդեն սկսել են բավականին լուրջ աշխատանք իրականացնել: ՀՀ-ում ստեղծված է Հայոց ցեղասպան ության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով, որի մշակած միջոցառումների ծրագիրը կդրվի կոնկրետ գործողությունների մեջ»,-  նշեց թուրքագետը:

 

Թուրքիան ևս իր հերթին պատրաստվում է համակարգված գործողություններ իրականացնել: Հովսեփյանը պատահական չի համարում, որ որոշ ժամանակ առաջ Անկարայում կայացած թուրք դեսպանների 6-րդ համաժողովի ընթացքում հրապարակայնորեն քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հարցը: «Թուրքիան քաղաքական, դիվանագիտական, գիտական և հասարակական ողջ ռեսուրսն ուղղում է այս հարցին, հատկացվում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ, նույնիսկ հաստատված են բյուջեներ լոկալ առանձին կառույցների, ինչպես նաև պետական ֆորմատով»,- նշեց նա:

 

Թուրքագետի խոսքով, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, արտերկրի ինստիտուտների և տարբեր այլ կազմակերպությունների միջոցով Թուրքիան պատրաստվում է հակագրոհի կամ առնվազն' գոնե պաշտպանության: «Պատահական չէ, որ Էրդողանը դեսպանների համաժողովի ընթացքում հայտարարեց, որ սա մարտահրավեր է Թուրքիայի համար և դեսպաններին հորդորեց ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին»,- ասաց Հովսեփյանը:

 

Նրա խոսքով, սա արդեն մեսիջ է, որպեսզի նաև պետական ապարատը, դիվանագիտական կորպուսը և արտերկրում առկա դիվանագիտական և համալսարանական կառույցներն ավելի ակտիվ լինեն:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Ողջ աշխարհը 2015թ. կնշի Հայոց ցեղասպանոթյան 100-ամյա տարելիցը: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 40-ից ավելի նահանգներ, հեղինակավոր միջազգային կառույցներ: