Ֆրանսիական TV5Monde-ը լայնածավալ հոդված է հրապարկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հոդվածում ընդգծվում է, որ Թուրքիան մտահոգված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով, չնայած որ այդ երկրի վարչապետը բազմիցս է հանդես եկել ժխտողականությամբ:

 

Հոդվա ծագիրը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում բնակչությանը բնաջնջելու հատկանիշով առաջին հանցագործությունն է:

 

Միաժամանակ, հոդվածի հեղինակ Պասկալ Պրիեստլին մեջբերել է Թալեաթ Փաշայի հեռագիրը, որում վերջինս նշում է. «Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին: Մենք պետք է վերջ տանք նրանց գոյությանը, անկախ տարիքից և սեռից: Խիղճը այստեղ չպետք է գործի»:

 

«Պատմաբանների մեծամասնության վկայությունների համաձայն' Հայոց ցեղասպանությանը զոհ է գնացել 1,5 մլն մարդ: Թալեաթ Փաշան Թուրքիայում մինչ օրս հեղինակություն է: Ստամբուլում է նրա դամբարանը, ողջ երկրում առկա են նրա անունով կոչված այգիներ, իսկ Ցեղասպանությունն արգելված թեմա է' ժխտողականության դիվանագիտության պայմաններում: 100 տարի անց Թուրքիան ժխտում է իրականությունը:

 

Վերջին 40 տարում միայն Հայոց ցեղասպանության մասին սկսվեց բարձրաձայնվել և հետզհետե Թուրքիան իր դիրքորոշմամբ սկսում է մեկուսանալ' հանդիպելով միջազգային ճնշումների: 2014 թվականին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանն առաջին անգամ ցավակցություն հայտնեց 1915-ի «ջարդեր»-ին զոհ գնացածների թոռներին ու նշեց, թե կիսում է նրանց ցավը, բայց շուտով սկսեց ժխտել Հայոց ցեղասպանության փաստը»,- նշել է հոդվածագիրը:

 

Հոդվածում շեշտվում է, որ Թուրքիան քաջատեղյակ է 1915-ի իրադարձությունների միջազգային հիշատակման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող քայլերին և փորձում է պայքարել դրանց դեմ:

 

Լայնածավալ հոդվածում Պասկալ Պրիեստլին ներկայացրել է նաև հայ ժողովրդի պատմությունը, թե ինչով են այն զբաղվել պատմական հայրենիքում:

 

Ի դեպ, հոդվածը հրապարկվել է ամերիկացի դիվանագետ, Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հեղինակած լուսանկարով, որտեղ ներկայացվում են ոչնչացված բազմաթիվ հայերին պատկերող տեսարանը: