Հունվարի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում' «Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» խորագրով, որն անդրադարձել է խաղաղ և անվտանգ հասարակություններ և հարաբերություններ ապահովելու համար կանխարգելման, հաշտեցման, ճշմարտության մեխանիզմների կիրառման հարցերին:

 

Ըստ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության, նիստը նախագահում էր ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ' արքայազն Զեիդ Ալ-Հուսեյնին:

 

Քննարկմանը մասնակցել են ու ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, ինչպես նաև անդամ պետությունների շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ:

 

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ հաշտեցման գործընթացը չի ենթադրում միայն պայմանագրերի ստորագրում: Որպեսզի հաշտեցումը լինի տևական, անհրաժեշտ է ընդունել անցյալը:

 

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտեցման հարցում հաջողության հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարության վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաև նմանատիպ ոճիրների հետևանքների վերացում: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպան Նազարյանը կարևորել է նաև, որպեսզի միջազգային հանրությունը միաձայն դեմ արտահայտվի պատմության աղավաղմանն ու ժխտողականությանը:

 

«Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգման համար»,- նշել է դեսպանը ու հավելել, որ «այսօր էլ ցեղասպանության հանցագործությունները կրկնվում են աշխարհր տարբեր մասերում' պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային հուզումների»:

 

Դեսպան Նազարյանն ընդգծել է, որ ամեն մի հասարակություն պետք է առերեսվի իր անցյալի հետ, և այս գործընթացում իրենց դերակատարումն ունեն նաև միջազգային կազմակերպությունները, խորհրդարանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, քաղաքական ու հոգևոր առաջնորդները, պատմաբանները, ուսուցիչները և այլն:

 

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների (ներառյալ' ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ու դրա Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության վերացման ենթահանձնաժողովի) կողմից' նա իր ելույթի վերջում կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու շարունակելու մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

 

«Փաստինֆո»