Թուրք տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված հակահայկական արտահայտությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսլականի վերաբերյալ պաշտոնական Անկարայի' նախկինից չտարբերվող հայտարարությունները, ինչպես նաև գրաքննությունը երկրի լրատվամիջոցների նկատմամբ այս շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից մի քանիսն էին: «Արմենպրես»-ն անցնող շաբաթվա ընթացքում հետևել է թուրքական անցուդարձին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

 

Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարվա արարողությունները մարտի 18-ից ապրիլի 23-25 փոխադրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ավելի վաղ հայտարարված 102 երկրների մասնակցության մասին ցուցակը 25 երկրով նվազել է: Չնայած Էրդողանի պաշտոնական հրավերին, այսօրվա դրությամբ արդեն հստակ է, որ այդ ցուցակով հրավիրված 25 երկիր չի մասնակցելու այդ տոնակատարությանը:

 

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն անցնող օրերի ընթացքում աչքի ընկավ հակահայկական խիստ տրամադրվածությամբ: Նախ հայտնի դարձավ, որ նա դատական գործ է հարուցել հայ լրագրող Հայկո Բաղդաթի դեմ այն բանի համար, որ վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում քաղաքապետին հայ է անվանել: Դատարան ներկայացված հայցում նշվում էր, որ «ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված անձի դեմ կիրառվել է զզվանք առաջացնող իմաստ ունեցող բառ»:

 

Այս միջադեպը լայն քննարկման թեմա դարձավ: Թուրք լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը մեկն էր այն լրագրողներից, ով անդրադարձավ այս խնդրին և ռասիստական անվանեց Անկարայի քաղաքապետի պահվածքը: Նա իրավամբ փաստեց, որ եթե ուրիշ երկրներում պաշտոնյայի կողմից նման պահվածքը լուրջ հետևանքներ կարող էր ունենալ, Թուրքիայում այս ամենի վրա աչք են փակում:

 

Շաբաթվա վերջին Գյոքչեքը չվարանեց ևս մեկ անգամ իր վերաբերմունքը ցույց տալ հայերի նկատմամբ: Հայերին վիրավորող Անկարայի քաղաքապետը գովեստի խոսքեր հնչեցրեց վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հասցեին այն բանի համար, որ նա ասել էր, որ «իրեն հայից առավել օսմանցի է զգում»: «Ահա գլխին թագ դնելու արժանի մի հայ… Դարեր ի վեր Օսմանյան կայսրությունում բնակվող անձանց թոռը»,- «Թվիթեր»-ի իր միկրբլոգում այսպիսի գրառում թողեց Գյոքչեքը:

 

Հակահայկական տրամադրությունները, սակայն, այսքանով չսահմանափակվեցին: Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու կողային պատին թուրք ազգայնականներն այս շաբաթ գրություն թողեցին հետևյալ բովանդակությամբ. «1915-ը' օրհնյալ տարի», իսկ շարունակության մեջ հետևյալ սպառնալից տողերն էին. «Ի՞նչ կարևոր է, որ դուք բոլորդ հայ եք, եթե արդեն կա մեկ Օգյուն Սամասթ»:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լայնածավալ հարցազրույց տվեց ֆրանսիական France 24-ին' ի թիվս այլ խնդիրների անդրադառնալով նաև Հայաստանի հետ հարաբերություններին՝ հնչեցնելով արդեն հին դարձած մեղադրանքները հայկական կողմին: Սակայն այս անգամ նախագահը գերազանցեց ինքն իրեն՝ զավեշտի հասնող հայտարարություն անելով, որում պնդեց, թե իրենք հատուկ չեն ընտրել Գալիպոլիի տոնակատարությունների օրը, այլ, հակառակը, հենց Հայաստանի միջոցառումների օրն է հարմարեցվել Թուրքիայի միջոցառումների օրվան:

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս այս շաբաթ չշրջանցեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Նա կրկին խոսեց նախապայմանների լեզվով՝ հայ-թուրքական արձանագրությունների ակտիվացում պայմանավորելով ոչ միայն Ցեղասպանության հարցով, այլ նաև ղարաբաղյան հիմնախնդրով:

 

Պաշտոնական Անկարան այս շաբաթ հայտարարեց, որ պաշտպանում է Եմենում շիա ապստամբ հուշիների դեմ միջազգային ռազմական գործողությունը: Այս և մի շարք այլ խնդիրների քննարկման նպատակով հեռախոսազրույց տեղի ունեցավ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև:

 

Հայտնի դարձավ, որ հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի գլխավոր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) նվազագույն 10 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար դաշինք է կազմել Եվրոպայի ալևիական միությունների համադաշնության հետ:

 

Ստամբուլի Շիշլի թաղամասում անցնող օրերին ահաբեկչական դեպք գրանցվեց, որի ժամանակ պայթեցվեց «Ադըմլար դերգիսի» թերթի խմբագրությունը: Դեպքի հետևանքով մահացավ Թուրքիայի մեկ քաղաքացի:

 

Անցնող շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ թուրքական ծաղրանկարային Penguen պարբերականի երկու ծաղրանկարիչները' Բահադըր Բարութերը և Օզեր Այդողանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ մեղավոր են ճանաչվել: Դատարանը նրանց պարտավորեցրել է որպես բարոյական փոխհատուցում գումար վճարել Էրդողանին ավելի վաղ արած ծաղրանկարների համար:

 

 

Ամփոփեց Արաքս Կասյանը