Հայոց ցեղասպանության հարցն այս տարի առավել քան երբևէ գտնվում է Թուրքիայի պետական քաղաքական օրակարգի առաջնային հարցերի թվում: Պատահական չէ, որ գրեթե ամեն օր տարբեր թուրք պաշտոնյաներ հանդես են գալիս խնդրի հետ կապված որևէ հայտարարությամբ: Այս առումով անցնող շաբաթը ևս բացառություն չէր: «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որն ամբողջ շաբաթվա ընթացքում հետևել է թուրքական քաղաքական և լրատվական օրակարգերին, ներկայացնում է դրա ամենաուշագրավ դեպքերն ու իրադարձությունները:

 

Այս շաբաթ Հայոց ցեղասպանության թեման չշրջանցեց ոչ մի պետական մարմին: Շաբաթվա սկզբին պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, որ թուրքական պետությունը պատրաստ է առերեսվել սեփական պատմությանը: Նա դժգոհեց այն փաստից, որ Հայոց ցեղասպանության հարցը շատ հաճախ քննվում է այլ երկրների խորհրդարաններում՝ հավելելով, որ խնդիրը պետք է քննարկեն պատմաբանները:

 

Շաբաթվա կեսին տարօրինակ հայտարարություններով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանը: Նա կարծիք հայտնեց այն մասին, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմը պատրաստ է հարաբերությունները վերսկսելուն, սակայն այս հարցում նրանց խանգարում են ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ընկալումները: Նա հույս հայտնեց նաև, որ հայկական կողմը դրականորեն կարձագանքի Չանաքքալեի տոնակատարություններին մասնակցելու թուրքական կողմի հրավերին:

 

Շաբաթվա վերջին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների շարքը «եզրափակեց» արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կրկին շահարկեց խնդիրը պատմաբաններին թողնելու իր հնացած թեզը: Նախագահը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է վճարել, եթե ապացուցվի նրա մեղքը Հայոց ցեղասպանության հարցում: Նա շտապեց նաև իր դժգոհությունը հայտնել հայկական սփյուռքի անդադրում գործողություններից:

 

Հունվարյան վերջին շաբաթվա ավարտը Թուրքիայում նշանավորվեց մի սկանդալով, որի կենտրոնում հայտնվել էր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Թուրքիայի ԱԳՆ կողմից պատրաստված և Չանաքքալեի իրադարձությունների 100-ամյակին նվիրված պաշտոնական օրացույցի ապրիլ ամսվա էջում հայտնվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Օրացույցի համապատասխան էջի լուսանկարն արագ տարածվեց տարբեր թուրքական ԶԼՄ-ներով: Դեպքի հետ կապված ԱԳՆ-ն շտապեց հայտարարել, որ կատարվածն ուղղակի թյուրիմացություն է եղել՝ հայտնելով, որ քննություն են սկսել մեղավորին հայտնաբերելու նպատակով:

 

Հունվարի 28-ին ողջ Թուրքիան համակ ուշադրությամբ հետևում էր ՄԻԵԴ-ում տեղի ունեցող «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» դատավարությանը, որն ինչպես իրավմամբ հետագայում իր հոդվածում նշեց Օրհան Քեմալ Ջենգիզը, շատ թուրքերի կողմից սկսել էր ընկալվել որպես 1915 թվականի դեպքերը որպես Ցեղասպանություն ճանաչելու կամ չճանաչելու դատավարություն: Իսկ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը եվրոպական դատարանում փորձեց ոճրագործ Թալեաթ փաշային ներկայացնել որպես «հայերի բարեկամ», և ինչ-ինչ անհիմն փաստարկներով անհույս ջանքեր գործադրեց հերքելու պատմական իրողությունները:

 

Ոչ պակաս կարևոր և ուշագրավ իրադարձություններից էր նաև բացահայտումն այն բանի, որ երկրի փոքրամասնությունների դպրոցներում շարունակվում է աշակերտի ազգային ծագման հետ կապված «ազգության գաղտնագիր» խայտառակությունը: Դրա վառ ապացույցն էր այն, որ վերջերս երկու հայ աշակերտ չէին կարողացել ընդունվել հայկական դպրոց: Դպրոցի տնօրինությունը որպես պարզաբանում հայտնել էր, որ «դեռևս ուսումնասիրում է աշակերտի ազգային ծագումը»:

 

Հակահայկական դրսևորումներով աչքի ընկնող շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներից մեկը հեռացել է կուսակցական շարքերից այն պատճառով, որ իր կուսակից ընկերներից ոմանք մասնակցել էին Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին:

 

Թուրքիան շաբաթը եզրափակեց հերթական բացասական ցուցանիշի գրանցմամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած զեկույցից հայտնի դարձավ, որ եվրոպական դատարանը խոսքի իրավունքի խախտման վերաբերյալ ամենաշատ վճիռները 2014 թվականին կայացրել է հենց Թուրքիայի դեմ: Բացի այդ, թուրքական պետությունը նախորդ տարի ամենաշատը եվրոպական դատարան դիմած չորրորդ երկիրն է՝ 9 հազար 500 հայցով:

 

 

Արաքս Կասյան