Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասսը, ինչպես և ակնկալվում էր, Անկարայում իր պաշտոնը ստանձնելուց հետո հրաժարվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունն անվանել «ցեղասպանություն» եզրույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բասսը լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական Hurriy et Daily News-ին, որում պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե «արդյոք ԱՄՆ-ն 2015թ.-ին պատրաստվում է օսմանյան հայերի նկատմամբ 1915թ. ջարդերը ճանաչել որպես ցեղասպանություն»:

 

«Այս հարցի առնչությամբ պետք է ասեմ, որ, որպես կառավարություն, մենք հստակորեն ներկայացրել ենք մեր տեսակետներն այն պայմանների և իրադարձությունների առնչությամբ, որոնք տեղի ունեցան այս սարսափելի ողբերգության ընթացքում՝ սկսած 1915 թվականից սկզբից»,- նշել է Բասսը՝ հիշեցնելով այս կապակցությամբ այս տարի և նախորդ տարիներին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱՄՆ հնչեցրած հայտարարությունները: ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ «այդ սարսափելի իրադարձությունների և կոտորածների ու ողբերգությանն առնչվող փաստերի լիակատար և անկեղծ ճանաչումը բխում է թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի շահերից»:

 

«Այս ամենը կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման տեսանկյունից, մենք հավատացած ենք, որ դա բխում է երկու երկրների շահերից և ի վերջո այն նաև Թուրքիայի հետ մեր ընդհանուր հետաքրքրությունների և տարածաշրջանում կայունության կառուցման և ամրապնդման շրջանակներում է»,- նշել է Ջոն Բասսը: Նա հավելել է, որ «20 տարի առաջվա համեմատ այսօր Թուրքիայում ավելի շատ են խոսում 1915թ.-ին պատահածի մասին»: Նա այս փոփոխությունն անվանել է «առողջ զարգացում», որն արդեն սկսել է և պետք է, որ շարունակվի»:

 

Դեսպանն անդրադարձել է նաև 2014թ. ապրիլի 24-ի կապակցությամբ այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին՝ այն պատմական և կարևոր որակելով, ինչպես նաև հայտնելով համոզմունք, որ այս հարցում պետք է շարունակել աշխատանքներ տանել: