Հայ-ասորական հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, քանզի երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում դարձել են բազում ոճրագործությունների և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նշել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը' փետրվարի 8-ին ասորիների ազգային հերոս Նաում Ֆաիքի հիշատակի ոգեկոչման արարողությանն ունեցած ելույթի ժամանակ: Դեսպանն ընդգծել է, որ հայերն ու ասորիները նաև ամուր մշակութային կապեր ունեն: «Մի շարք ասորական հնագույն տեքստեր այսօր պահպանված են միայն հայերեն տարբերակով, իսկ մինչ հայկական այբուբենի ստեղծումը հայերը դարերով օգտագործել են ասորական այբուբենը»,- նշել է նա:
Սփյուռքի հայկական և ասորական համայնքները պահպանել և հարստացրել են իրենց հարաբերությունները' հատկապես Շվեդիայում, որտեղ երկու ժողովուրդների ազգային հիմնադրամները սերտորեն համագործակցում են Օսմանյան Թուրքիայում նրանց դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Համայնքների առաջնորդները հանձն են առել ավելի խորացնել այդ երկկողմ համագործակցությունը Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում: