Մեկ տարի առաջ Երևանում տեղի ունեցած դեպքերին դժվար է «հեղափոխություն» անունը տալը: Ավելի շուտ, տեղի ունեցավ ընդվզման փորձ,որն արագ լոկալիզացվեց ու կանխվեց:
Հրաշալի հասկանում եմ այն մոտիվները, նպատակները, որոնք Շանթ Հարությունյանին ու մյուս տղաներին բերել էին Ազատության հրապարակ:
Հայաստանն իսկապես հեղափոխության կարիք ունի, ինչի մասին ազդարարում էր հենց Շանթը: Այդ հեղափոխության հիմքում պետք է լինի արժեքային, գաղափարական բաղկացուցիչը, անհրաժեշտ է փոխել մարդկանց մտածողությունը, վարքագծային կանոնները, ձևավորել արժեքային համակարգ, որը մեզ թույլ կտա ունենալ եվրոպական ժամանակակից պետություն: Կարծես թե, անցյալ տարվա նոյեմբերի 5-ից առաջ հենց այս մասին էր խոսում Շանթը՝ նաև կարևորելով ռուսական կայսերականության դեմ պայքարը:
Իհարկե, ինձ հաճախ դուր չէր գալիս «հայկական հեղափոխության» առաջնորդի բառապաշարը, արժեքային նոր համակարգի մատուցման վուլգար ձևը, բայց սա էլ համարենք հեղափոխական «բարդույթ»:
Այնուամենայնիվ, Շանթն առաջարկում էր հետաքրքիր գաղափարներ, իդեաներ, որոնց կենսագործումը, ռեալիզացիան պահանջում էր երկար տարիների հետևողական ու նպատակասլաց աշխատանք:
Նոր արժեքները հնարավոր չէ արմատավորել հին մեթոդներով, քաղաքականությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնությունը: Սրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են, որոնք հարկավհայտնի են քաղկալանավորների ընտանիքում մեծացած, քաղաքական պայքարի թրծվածություն ունեցող Շանթին:
Սակայն նա գնաց ճիշտ հակառակ ճանապարհով:
Պայքարի այն մեթոդը, որն ընտրեց Շանթը, հարվածեց հենց «արժեքային հեղափոխության» գաղափարին, օրորոցի մեջ խեղդամահ արվեց շարժում, որը գուցե ուներ ռացիոնալ նպատակներ ու շատ պետք էր օր-օրի լյումպենացող մեր հասարակությանը:
Իշխանությունը նույնպես հետևություններ չարեց նոյեմբերի 5-ի իրադարձություններից՝ իներցիայով պայքարելով ոչ թե այն ծնող պատճառների, այլ դրա հետևանքների դեմ:
Համարժեք չէին նաև այն խիստ դատավճիռները, որոնք կայացվեցին Շանթի, նրա անչափահաս որդու, «Նոյեմբերի 5»-ի գործի մյուս մասնակիցների հանդեպ:
Հեղափոխությունը մեռավ՝ դեռ չծնված, իշխանությունն ավելի լավը չդարձավ, խնդիրները չլուծվեցին: Փոխարենն՝ իշխանությունները հենց իրենք քաղաքականացրին դատավարությունը, ինչի հետևանքովճաղերի հետևում հայտնվեցին մեկ տասնյակից ավելի մարդիկ, ովքեր այս իշխանություններից տարբերվող դիրքորոշումներ ունեն:
Եթե նույնիսկ այդ մարդկանց արարքներում կար հանցակազմ, կայացված ոչ համարժեք դատավճիռը նրանց մոտեցրեց քաղկալանավորի կարգավիճակին:
Ավելի շուտ, նրանք նման են խորհրդային դիսիդենտներին՝ քաղաքական համակարգից օտարվածության ու հասարակության անտարբերության համատեքստում:
Սուրեն Սուրենյանց