Վեդիում լայն թափով շարունակվում է նախընտրական մենամարտը Գարիկ Սարգսյանի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Արդեն մի քանի օր է' տեղեկություններ են ստացվում, որ հարձակումներ են գրանցվել ընդդիմադիրների նախընտրական շտաբների վրա, ծեծկռտուքներ են հրահրվել, իսկ մինչ այդ՝ ընտրությունների առաջին փուլում Գարիկ Սարգսյանը դիմել էր ոչ ավել ոչ պակաս՝ քրեական հեղինակությունների օգնությանը' հուսալով նրանց օգնությամբ ձայներ բերել:
Ինչպես հին և բարի ժամանակներում, այո, որովհետև այսպիսի տեղեկություններ որպես կանոն ստացվում էին նախկին իշխանությունների օդիոզ մարզպետների հետ կապված: Օրինակ՝ 2017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել: Այնուհետև, մարտի 14-ին նույն գյուղում հրազենի կիրառմամբ մեկ այլ միջադեպի արդյունքում վիրավորվեցին նախորդ միջադեպին մասնակից «ՕՐՕ» դաշինքի համակիրները: Ըստ ընդդիմադիրների' ռազբորկան ուներ քաղաքական ենթատեքստ և կազմակերպվել էր Ջրառատի ՀՀԿ-ական գյուղապետի կողմից:
2017-ին զինված հարձակում է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում. հարձակվել են «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա: Այս հարձակման մեջ Փաշինյանը մեղադրեց ՀՀԿ-ի Մալաթիայի օդիոզ դեմքերին, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի ականջները տեսնելով այս հարձակման հետևում:
2017-ի մարտի 7-ի գիշերն էլ հարձակում էր տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել էին դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները։
Ինչո՞վ է այս ձեռագիրը տարբերվում Գարիկ Սարգսյանի՝ Վեդիում ընտրած ձեռագրից: Ի վերջո, ակնհայտ է, որ հեղափոխական գործիչը գործում է իր իսկ թիմի կողմից հռչակված հեղափոխական արժեքների դեմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խիստ կերպով պատժելու է իր այն բոլոր թիմակիցներին, ովքեր կհանդգնեն աչք փակել վերը նշված հեղափոխական արժեքների վրա; Իսկ ի՞նչ է մտածում այժմ Փաշինյանը' տեսնելով, թե ինչպես է իր թիմակիցը ոտնահարում այդ արժեքները: Կպատժի՞ Փաշինյանը Գարիկ Սարգսյանին, թե ամեն դեպքում ձայն բերելը, ինչպես հին ու բարի ժամանակներում, ավելի կարևոր է...