Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ այն պաշտոնյաները ում կանխատեսումները իրականություն չեն դառնում, կամ սխալ են՝ պետք է պատասխանատվություն կրեն այդ կանխատեսումների և չտված արդյունքների համար: Ուշագրավ է, որ իշխանական թիմում բազմաթիվ են պաշտոնյաներ, ովքեր իսկապես արել են կանխատեսումներ, որոնք իրականության հետ արդյունքում ոչ մի աղերս չեն ունեցել:
Այսպես օրինակ՝ չնայած համաճարակով պայմանավորված խոչընդոտներին՝ Զբոսաշրջության կոմիտեն 2020 թ-ի համար բավական լավատեսական կանխատեսումներ ուներ․ ակնկալվում էր, որ այս տարի առաջին եռամսյակում Հայաստան ժամանողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաճեր ևս 14%-ով կամ 34 000 այցելուով։ Սակայն այժմ արդեն կարելի է փաստել, որ այս կանխատեսումը չիրականացավ․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը մարտի 30-ին ունեցած ասուլիսում նշել էր, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի Հայաստան չի այցելել շուրջ 175 000 զբոսաշրջիկ։
Այն ժամանակ դեռևս Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հզոր ներգաղթի կանխատեսում էր անում, որը նույնպես իրականություն չդարձավ: Ավելին, Հայաստանում արտագաղթի տեմպերը դեռ երբեք այսքան սարսափելի և ահագնացող չէին եղել:
Էկոնոմիկայի նախարարի՝ 319 տոկոսանոց տուրիզմի և երկնիշ տնտեսական աճի մասին կանխատեսումները այդպես էլ գրվեցին սառույցին:
ԿԲ նախագահի ամիսներ առաջ կանխատեսումը, որ գնաճը կմեղմվի, չի իրականացել, քանի որ գնաճը շարունակում է նոր ռեկորդներ խփել:
Նիկոլ Փաշինյանը դեռև 2018-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո օտարերկրյա ներդրումների բում էր կանխատեսում, որը գրվեց սառույցին:
Թերանում են Փաշինյանի գրեթե բոլոր մարզպետները, ովքեր իրենց մարզերում տեղական տուրքերի հետ հավաքագրման լրջագույն խնդիրներ ունեն և բյուջե կանխատեսվածից քիչ գումար է մտնում:
Երևանի քաղաքապետը ընտրվելուց հետո գրեթե ամեն ամիս կանխատեսում էր՝ տրանսպորտային ցանցի արդիականացման ավարտը, սակայն, ավարտին, ինչպես հասկանում ենք, դեռ շատ ժամանակ կա: Մարությանը իր կանխատեսումների մեջ բավական լավատես է գտնվել:
Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում կանխատեսած Ռոմանոս Պետրոսյանը այսօր փորձում է բացատրել, թե ինչու է մեկ ամսվա մեջ լճի մակարդակը իջել ավելի քան 4 սմ-ով:
Հարց է առաջանում՝ մոտակա օրերին իր քանի՞ թիմակցի կպատժի Նիկոլ Փաշինյանը՝ սխալ կանխատեսումների և չտված արդյունքների համար...