Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մութ ամպեր են կուտակվում Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի գլխին: Բանն այն է, որ Վանաձորի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն հենց Խաչատրյանն էր, ով նույնիսկ պատրաստ էր գնալ պաշտոնի իջեցման, սակայն, դրան, ինչպես երևում է, պատրաստ չէին ընտրողները. արդյունքում` Խաչատրյանը պարտվեց անգամ սեփական թաղամասում, իսկ համայնքապետ ընտրվեց Վանաձորի գործող քաղաքագլուխ Մամիկոն Ասլանյանը:
Դրանից հետո, ինչպես և ակնկալվում էր, Խաչատրյանն ու ՔՊ-ն անցան ռեպրեսիաների: Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, քաղաքապետարանի ևս երկու աշխատակիցների բերման էին ենթարկել և թվում էր, որ Ասլանյանի ընտրվելն այլևս անհնար է: Բանն այն է, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Վանաձորում ստացել է 49 տոկոս ձայն եւ բանակցություններ էին ընթանում «Հայրենիք» կուսակցության հետ, որը մոտ 5 տոկոս ձայն էր ստացել: Այս ընթացքում անասելի ճնշումներ են գործադրվել եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, եւ նրանց Վանաձորի թեկնածուի` Վահե Դոխոյանի նկատմամբ, որ այս միավորումը տեղի չունենա: Բայց չի ստացվել: Փոխարենը` ամեն ինչ արել են, որպեսզի ավագանի անցած մյուս ուժերը` Արկադի Փելեշյանը` Ական, եւ «Լուսավոր Հայաստան»-ը միանան ՔՊ-ին, եւ Արամ Խաչատրյանը դառնա քաղաքապետ: Թվում էր` Մամիկոն Ասլանյանի հետ աշխատած Ական, որը հեղինակություն է Վանաձորում, չպետք է ենթարկվեր ճնշումներին, իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» պետք է ձեռնպահ մնար ՔՊ-ի հետ միավորվելուց, քանի որ իրեն ընդդիմություն է հռչակել, սակայն, պարզվում է` ոչ: «Լուսավոր Հայաստանը» դիմել էր դատարան` ժամանակ շահել, որպեսզի իշխանությունը Ասլանյանին հետապնդելու ձեւական պրոցեդուրան հասցնի իրականացնել և կորզել համայնքապետի աթոռը:
Սակայն, ինչ-որ բան այնպես չի գնացել: Հայտնի է դարձել, որ Արամ Խաչատրյանը ինքնաբացարկ է ներկայացրել, ինչը ենթադրում է, որ ՔՊ-ն հետքայլ է անում և առանձնապես հույսեր չունի՝ համայնքապետի պաշտոնի հետ կապված: Իսկ սա նշանակում է, որ մարզպետ Խաչատրյանը ավտոմատ հայտնվում է ռիսկի գոտում, քանի որ հենց նրա տապալման արդյունքում էլ ՔՊ-ն կորցրեց Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը: Կների՞ նրան Նիկոլ Փաշինյանը, թե Խաչատրյանին սպասում է Շիրակի երկու նախկին մարզպետների՝ Հովհաննես Հարությունյանի և Կարեն Սարուխանյանի ճակատագիրը: Խաչատրյանի գործերը բարդանում են այնքանով, որ արդեն վաղուց էր հայտնի՝ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դեմ չէ տեղափոխվել մարզպետարան և զբաղեցնել Խաչատրյանի տեղը: Իսկ սկանդալային պատմությունների պակաս, որոնց մեջ այս ընթացքում հայտնվել էր Խաչատրյանը, չկա: Սկսած ընտրությունների նախաշեմին բյուջեից սոցիալական օգնություն բաժանելուց, վերջացրած՝ գողացված պետհամարանիշներով ավտոմեքենայով երթևեկելուց:
Չի բացառվում, որ իշխանությունները հիշեն իրենց տապալված թիմակցի այս քայլերը և վերջինիս դեմ նույնպես քրեական գործեր հարուցվեն: Գուցե դա էլ կանխազգալով մարզպետը ընդհատակ է անցել. նախկինում նա գրեթե յուրաքանչյուր օր գրառումներ էր անում, մարզպետարանի կայքում նրա անունից հայտարարություններ էին տեղադրվում, իսկ այժմ լռություն է: