Վայոց Ձորի մարզպետարանում վերջին ամիսներին մի սկանդալային պատմությունը հաջորդում է մյուսին: Ընդամենը ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր՝ 6-րդ վարչությունը, ստուգումներ է իրականացրել մարզպետարանում: Մամուլում տեղեկություններ եղան, որ վերոնշյալ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի փոխմարզպետ Նանե Բագրատունին տևական ժամանակ աշխատանքի չի ներկայացել, բայց ներկա է ստացել և նույնիսկ խրախուսվել: Եթե հաշվի առնենք փոխմարզպետի աշխատավարձը և պարգևավճարի չափը, խոսք է գնում միլիոնավոր դրամների յուրացման մասին:
Ուշագրավն այն է, որ Վայոց Ձորի մարզպետն իր անպատժելիության վրա այնքան վստահ է եղել, որ իրավապահներին գրավոր բացատրություն է տվել, որ ինքն է թույլատրել փոխմարզպետին պարբերաբար չհաճախել աշխատանքի: Ի դեպ, դրանից հետո քրեական գործ այդպես էլ չհարուցվեց: Դրանից առաջ էլ մարզպետարանում սկանդալային հրաժարական գրանցվեց. փոխմարզպետներից մյուսը՝ Ռազմիկ Տոնոյանը, հայտնի վիճաբանությունից հետո հրաժեշտ տվեց զբաղեցրած պաշտոնին: Այսօր տեղեկություն ստացվեց, որ ծեծկռտուքի մեջ կասկածվելու համար կալանավորվել է մարզպետ Սարգսյանի օգնականը, իսկ մարզպետի մասնակցությունը տվյալ վիճաբանությանը դեռ ճշտվում է:
Իհարկե, չենք կարող պնդել, որ մարզպետ Սարգսյանը անձամբ է ինչ-որ մեկին ծեծի ենթարկել, սակայն արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի համար, ով գրեթե յուրաքանչյուր օր հպարտանում է իր հեղափոխական կադրերի ձեռքբերումներով և ընդգծում նրանց տարբերությունը նախկին համակարգի ներկայացուցիչներից, տարօրինակ և մտահոգիչ չէ, որ այդ նույն կադրերի ղեկավարած կառույցում բարգավաճում է «ռազբոյը» և ծածկադմփոցը, արդյո՞ք այստեղ Փաշինյանը չի տեսնում մարզպետ Տրդատ Սարգսյանի մեղավորությունը սկանդալային պատմությունների այս շղթայում: Ի վերջո, հեղափոխություն է արվել հենց այն բանի համար, որ նոր ղեկավարները իրենց գործելաոճով տարբերվեն հներից, մի բան, որին մենք այսօր դեռ ականատես չենք լինում: Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ օրենքի առջև բոլորը հավասար են, սա թերևս լավագույն հնարավորությունն է ցույց տալու, որ դա այդպես է: