Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհրաժարվի 2017 թվականի ընտրություններում երկրորդ հնգամյա նախագահական ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելուց, եթե նրա կառավարությանը չհաջողվի երկրում կրճատել գործազրկությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանրապետության ղեկավարը հանդես է եկել ՏՖ-1 հեռուստաալիքի եթերում՝ ամփոփելով պետության բարձրագույն պաշտոնում իր գտնվելու առաջին երկուսուկես տարվա արդյունքները: «Եթե ինձ դա չհաջողվի անել մինչեւ իմ մանդատի վերջը, կարծում եք ես կկարողանա՞մ ֆրանսիացիների առջեւ կանգնել 2017 թվականին»,- հարց է տվել նա՝ պատասխանելով Ֆրանսիայի բնակչուհիներից մեկին:
2012 թվականի մայիսին նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի ընտրվելուց հետո Ֆրանսիայում գործազուրկների թիվն աճել է ավելի քան 500 հազարով: Սեպտեմբերի վերջի դրությամբ երկրում մշտական աշխատատեղ չունեցող մարդկանց թվաքանակը հասել է ռեկորդային 3,34 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: