Հայաստանը որևէ կերպ չի կարող թույլ տալ, որպեսզի հարվածի տակ դրվի Եվրոպական Միության հետ GSP+ համակարգը: Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ, ԵՏՄ անդամակցության հետ կապված, Հայաստանը զրկվի այդ համակարգից:

 

«Հայաստանն ունի GSP+ կարգավիճակ, որը թույլ է տալիս եվրոպական շուկա արտահանվող 10 հազար ապրանքների 2/3-ը՝ 6600 ապրանքներ առանց որևէ խոչընդոտի իրացնել Եվրամիության շուկայում: Այս կարգավիճակը չունի Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ այլ երկիր: Մինչև վերջերս Ռուսաստանն ուներ GSP կարգավիճակ, որը եվրոպական շուկա արտահանվող ապրանքների 1/3-ի համար էր այդ հնարավորությունը տալիս, սակայն հայտնի զարգացումների հետևանքով Ռուսաստանն այդ կարգավիճակից զրկվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գագիկ Մինասյանը:

 

Պատգամավորը ներկայացրեց այն պատճառները, որոնց հետևանքով Հայաստանը կարող է զրկվել GSP+ կարգավիճակից: «Պատճառները շատ հստակ արձանագրված են. եթե Հայաստանը դավաճանի մարդու իրավունքների բնագավառում իր ձեռքբերումներին, եթե մամուլի ազատությունը նվազի, եթե բարեփոխումները տարբեր ոլորտներում կանգնեն կամ նահանջ արձանագրեն, այս կարգավիճակին մենք այլևս հավակնել չենք կարողանա: Բնականաբար, այն գործընթացը, որն այս պահին զարգանում է Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև, թույլ է տալիս ենթադրել, որ մեզ այդ վտանգը չի սպառնում, ընդհակառ ակը՝ մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ, հենց Եվրամիության հետ, և այդ հարաբերությունների զարգացման հենքն այնպիսին է, որը թույլ է տալիս ենթադրել, որ այս բնագավառում մենք խնդիր չենք ունենա», -նշեց Մինասյանը:

 

Անդրադառնալով օտաերկրյա կապիտալով Հայաստանում ստեղծվող արդյունաբերությանը և դրա արդյունքը ԵՄ շուկա արտահանելու հարցին՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ այստեղ էլ որևէ խնդիր չկա: «Եթե ռուսական որևէ ընկերություն բացարձակապես ռուսական կապիտալով Հայաստանում սկսի իր արտադրությունը, սակայն իր ընկերությունը լինի Հայաստանի տարածքում գրանցված իրավական սուբյեկտ, իր արտադրանքը ստեղծի Հայաստանի տարածքում, որևէ վտանգ չկա, որ Հայաստանը կարող է զրկվել GSP+ կարգավիճակից»,- ընդգծեց Մինասյանը:

 

Եվրոպական Միությունը առևտրային գործընկեր երկրների կողմից իրականացվող ներմուծումների նկատմամբ կիրառում է մի շարք առևտրային ռեժիմներ։ Առաջինն «Ազգերի առավել բարենպաստության մոտեցում (MFN) ռեժիմն է, որը պահանջում է միևնույն մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառել այլ երկրների կողմից ներմուծմ ան նկատմամբ։ GSP և GSP+ ռեժիմները ընդհանրական առավելություններ են սահմանում համակարգի մասնակիցների համար՝ ազատելով այդ պետությունների ապրանքները որոշակի մաքսատուրքերից։