ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն առիթ ունեցել է հավատալու, որ բարեսրտության դարաշրջանը մեկնարկել է Հայաստանում' «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեության շնորհիվ: Այս մասին հայտնեց Ռիտա Սարգսյանը' Երևանի պետական բժշկական համալսարանում հայ և ռուս բժիշկների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանա կ' նվիրված Հայաստանում մանկական արյունաբանության խնդիրներին:

 

Միջոցառմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության արռողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պաշտոնատար այլ անձիք, բժիշկներ:

 

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը' ընդգծելով հայ-ռուսական խորը համագործակցությունը բժշկագիտության և առողջապահության ոլորտներում:

 

Պրոֆեսոր Յոլչյանի անվան Արյունաբանական կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը ներկայացրեց արյունաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդությունների իրավիճակը Հայաստանում: Նա անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը' շեշտելով հայ-ռուսական սերտ կապերը:

 

Բժշկուհին ներկայացրեց այն աշխատանքը, որ տարել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը' օգնելու արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: «Մենք միշտ զգում ենք առաջին տիկնոջ և «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությունը. նրա նք մեզ հետ են թե' ուրախության, թե' տխրության պահերին: Հիմնադրամն ու առաջին տիկինն աջակցում են ոչ միայն դեղորայքի, արտասահմանում երեխաների բուժման հարցերով, այլև նրանց կյանքն են տոն դարձնում բազմազան միջոցառումների շնորհիվ»,- ասաց Նատա Մելքիկյանը:

 

Հնչեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնը' «Մի մեծ արև ենք միասին» երգը, որն արժանացավ ներկաների ծափողջյուններին:

 

Չնայած նրան, որ ելույթ չէր պատրաստել, բայց խոսքով հանդես եկավ նաև ՀՀ առաջին տիկինը: Նա հույս հայտնեց, որ ռուսական պատվիրակությունն զգացել է հայկական հյուրընկալությունը: Այնուհետև հանդես եկավ խնդրանքով, որը ողջունվեց հյուրերի կողմից. «Նախորդ շաբաթ երեկոյան հեռուստացույց էի դիտում' ռուսական Առաջին ալիքը, որտեղ ելույթ էր ունենում Նատալիա Դարյալովան' հայտնի գրող Արկադի Վայների դուստրը:

 

Ահա' նա ինչ էր ասում, որ մենք բոլորս ցանկանում ենք, որ, որքան հնարավոր է, շուտ գա բարեսրտության դարաշրջանը, բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է միլիոնավոր բարեսիրտ մարդիկ բարություն գործեն: Երբ երեք տարի առաջ մենք հիմնադրամով դիմեցինք հասարակությանը, որ օգնեն մեր երեխաներին, այդ ժամանակ ես մտածեցի, որ բարեսրտության առաջին դարաշրջանն արդեն մեկնարկել է Հայաստանում:

 

Շնորհակալություն մեր բարեգործներին, ես կդժվարանամ նրանց բոլորի անունը հիշատակել, բայց նրանց շնրոհիվ այսօր 400 երեխա փրկվել է, նրանք թույլ չտվեցին կյանքից հեռանալ 400 մանկամարդուկի»,- ընդգծեց Ռիտա Սարգսյանը:

 

Սակայն, ըստ առաջին տիկնոջ, բարեսրտությունը շատ չի լինում, քանի որ երբ այս տարի դիմել են օգնության համար, ավելի քիչ են արձագանքել: «Ինչ եմ ուզում ասել, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ եթե, Աստված չտա, այսպես շարունակվի, մենք ստիպված պիտի լինենք հիմնադրամը փակել, բայց չեմ էլ պակերացնում' ինչ պիտի լինի այն երեխաների հետ, ում մենք, այսպես ասած «թողնում ենք»:

 

Քանի որ մենք ռուսական «Նվիրիր կյանք» հիմնադրամի մասնաճյուղն ենք, խնդրում ենք ձեզ օգնել մեզ այս մեկուկես տարվա ընթացքում, մինչ մենք կունենաք մեր կենտրոնը»,- հայ տնեց առաջինը տիկինը' արժանանալով ՌԴ առողջապահության նախարարի Համաձայնության նշանին:

 

Միջոցառման ավարտին «Երեխաները պետք է ժպտան» և «Թող միշտ լինի արևը» ռուսալեզու երգերով հանդես եկան Հայաստանի փոքրիկ երգիչները, ովքեր բեմում համախմբեցին առաջին տիկնոջը, ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարներին, հայ և ռուս բժիշկներին: