Բեռլինի գիշերային երկինք են արձակվել 7 հազար լուսարձակ օդապարիկներ, որոնք խորհրդանշում են սահմանի անհետացումն Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիայի միջեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ակցիան դարձել Է Բեռլինի պատի անկման 25-ամյակի առթիվ Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցող տոնակատարությունների գագաթնակետը:
Հարյուր հազարավոր բեռլինցիներ եւ զբոսաշրջիկներ են դիտել լուսային պատի անկմանը: Առաջին օդապարիկներն օդ արձակելուց հետո Բեռլինի Պետական կապելլան՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, կատարել Է «Ցնծության ներբողը» Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից:
Տոնակատարությանը, որը տեղի Է ունեցել Բեռլինի խորհրդանշանի՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ Հունիսի 17-ի փողոցում, մասնակցել Է նաեւ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ բազմաթիվ արտասահմանցի հյուրեր:
Ավելի ուշ Բրանդենբուրգյան դարպասների մոտ սկսվել Է երաժշտական տոն՝ հայտնի արտիստների եւ կատարողների մասնակցությամբ: Քաղաքի տուրիստական ճյուղի ներկայացուցիչների տվյալներով՝ այս հանգստյան օրերին Բեռլին Է ժամանել ավելի քան մեկ միլիոն հյուր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: