Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը վերջին շրջանում Թուրքիայի «աննախադեպ» քայլերը համարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «փոփոխվող Թուրքիայի» կերպարի ձևավորման մաս: «Թուրքիան մի քանի ճակատով պատրաստվում է Հայոց ցեղապսանության 100-րդ տարելիցին' լինի դիվանագիտական, տեղեկատվական, թե քարոզչական ճակատներում: Աավութօղլուի երևանյան այցը, Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում, Ազնավուրի «հարցազրույցը» տեղավորվում են ցեղասպանության 100- րդ տարելիցի նախապատրաստության շրջանակում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:

 

Նրա խոսքով' Թուրքիան իր այդ քայլերով պատրանք է ստեղծում, թե իբր փոխվել է, դրական զարգացում է ապրում, Հայաստանի հետ հարաբերությունները փորձում է կարգավորել, ինչպես նաև լավ վերաբերմունք է ցուցաբերում տեղի հայերի նկատամամբ: «Դրանք արտաքնապես արվող քայլեր են, խորքային առումով ոչ մի փոփոխություն չկա: Դրանց նպատակն այն է, որ 2015-ին ընդառաջ ցույց տան, թե Թուրքիան փոխվել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց թուրքագետը' հավելելով, որ Թուրքիան շարունակելու է իր անկանխատեսելի ու աննախադեպ քայլերը մինչև 2015-ի ապրիլի 24-ը:

 

Գևորգ Պետրոսյանի հավաստմամբ' Թուրքիան մասամբ հաջողում է իր այս քայլերի մեջ, քանի որ միջազգային հանրությունը չի խորասուզվում մանրամասների մեջ և ընդունում է այն, ինչ մատուցվում է:

 

Անդրադառնալով օրերս թուրքական լրատվամիջոցի կողմից տարածած Շարլ Ազնավուրի կեղծ հարցազրույցին' նշեց, որ այդտեղ կարևոր է այն հարցադրումը, թե Թուրքիայի ինչին էր պետք նման «հարցազրույցի» հրապարակումը: «Դա ևս տեղավորվում է 2015-ի նախապատրաստության շրջանակում' ապատեղեկատվություն, մանիպուլացիա պարունակող ուղերձների տարածումը բնորոշ է Թուրքիայի ներկայիս իշխանություններին»-ավելացրեց թուրքագետը: