Որևէ տարակարծություն չկա, մենք մշտապես կապ ենք պահպանում մեր գործընկերների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և Հայ Ազգային Կոնգրեսի կողմից տարածած հայտարարություններին:

 

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ եռյակը նիստ է գումարել, և քննարկվելու են բոլոր խնդիրները:

 

«Հակասություն ես չեմ տեսնում, կան աշխատանքային մոտեցումներ, աշխատանքային հարցեր, այնպես չէ, որ սուր առճակատման խնդիր է դրված: Մենք մշտապես կապի մեջ ենք, և բոլոր հարցերն աշխատանքային մթնոլորտում քննարկում ենք: Հակասություններ չկան, կրկնում եմ, աշխատանքային որոշ հարցերում կան տարակարծություններ»,- ասաց նա:

 

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն հանրահավաքներ չի ցանկանում, Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց քաղխորհրդի նիստից հետո ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կողմից արած հայտարարությունը, թե հանրահավաքներ ևս սպասվում են. «ԲՀԿ-ն ծրագրում է խոշոր զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ Ազատության հրապարակում, Երևանում ու մարզերում»:

 

Վահե Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե ե՞րբ է լինելու ընդդիմության հաջորդ հանրահավաքը. «Կորոշենք ճիշտ ժամանակը, ճիշտ պահը, մենք չենք ուզում ուղղակի հանրահավաքը դառնա ինքնանպատակ, մեզ համար հանրահավաքը միջոց է: Մենք շատ հստակ ճանապարհով գնում ենք, որտեղ պարտության որևէ հնարավորություն մեզ համար չենք թողնելու: Գնում ենք հանգիստ, ռացիոնալ, ճշգրիտ քայլերով: Մենք գնում ենք մի ճանապարհով, որը հաշվի է առնում նախորդ տարիների բոլոր շարժումների բացթողումները, սխալները, աշխատում ենք խուսափել դրանցից: Մեզ համար հանրահավաքները, զանգվածային մյուս միջոցառումները միայն միջոց են նպատակին հասնելու համար»: