Ադրբեջանի միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում Թուրքիային եւ այլ երկրներին պատկանող հերոսական դրվագները ներկայացվում են որպես ադրբեջանական ժողովրդի կատարած հերոսություններ Ադրբեջանում: Ուշագրավ է այն փաստը, որ հատկապես այլ ժողովուրդների հերոսություններն այդ դասագրքերում բերված են որպես արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջացիների հերոսապատումներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Հուրիեթ» թերթին այդ առնչությամբ տված հարցազրույցում «Ռազմական լրագրողներ» հասարակական միության ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն անընդունելի է համարել այդ իրավիճակը եւ զգուշացրել, որ դա կարող է առաջացնել Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի դժգոհությունը:
«Միջնակարգ դպրոցների դասագրքերում Թուրքիայում կամ այլ երկրներում կատարված հերոսական դրվագները ներկայացվում են որպես ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած հերոսական գործողություններ: Դա սխալ եւ վնասակար ճանապարհ է: Կա հեղինակային իրավունք հասկացություն: Չէի ցանկանա, որ որոշ ժամանակ հետո թուրքական կողմը Ադրբեջանին մեղադրի բանագողության եւ գողության մեջ: Մենք պետք է դատապարտենք նրանց, ովքեր այլ երկրներում տեղի ունեցած դեպքերը դասագրքերում ներկայացրել են որպես Ղարաբաղում կատարված իրադարձություններ: Ստացվում է, ո ր երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգին բարձրացնելու համար պետական բյուջեից հատկացված միլիոնավոր ֆինանսական միջոցները նպատակին չեն ծառայում: Դասագրքերում պետք է ներկայացվի Ադրբեջանի իրական ռազմական պատմությունը», -ասել է նա:
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան եւս անընդունելի է համարել դասագրքերում առկա իրավիճակը:
«Ադրբեջանի ռազմական պատմությունն այնքան էլ հարուստ չէ: Այն սկսվում է 1918-ից: Խորհրդային շրջանի պատմությունը չի կարող վերագրվել Ադրբեջանին: Սակայն, ոչ մի դեպքում չի կարելի գնալ բանագողության: Դասագրքերում պետք է գրել այն, ինչ կա: Ուրիշներինը Ադրբեջանին վերագրելը մի օր ջրի երես դուրս կգա, եւ խայտառակ վիճակ կստեղծվի: Մեծ սխալ է մեր ռազմական պատմությունը, անցյալը մտացածին եւ երեւակայական պատկերներով մարդկանց հասցնելը: Քանի որ ստի վրա մեծանալով' մարդու մեջ պատմական գիտակցությունը ճիշտ չի ձեւավորվում», -ասել է նա: