Ավստրալիան Բրիսբենում G20-ի գագաթնաժողովից առաջ խստացնում Է անվտանգության միջոցները՝ զգուշանալով բողոքի ագրեսիվ ակցիաներից եւ հնարավոր ահաբեկչական գործողություններից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, գործի Է դրվել ավելի քան 6 հազար ոստիկան: Երկնքից թռ իչքների համար արգելված գոտու անվտանգությունը կապահովեն F/A-18 Super Hornets կործանիչները: Քաղաքի կենտրոնական շրջանը փակ Է:

 

Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանները լիազորված են խուզարկել բոլոր նրանց, ովքեր կասկածներ են հարուցում: Նրանք իրենց տրամադրության տակ ունեն սպառազինության այն ողջ զինանոցը, որը նախատեսված Է մարդկանց բազմությունները ցրելու համար, ներառյալ ջրանետներ եւ «ձայնային հրանոթներ»՝ հսկայական դինամիկներ, որոնք տեղադրված են փոխադրամիջոցներում:

 

Քվինսլենդի նահանգի վարչական կենտրոնի խորհրդաժողովների սրահի մերձակա փողոցներում կանգնեցվել են բարիկադներ եւ հսկիչ անցակետեր: Գետի հատվածը փակ Է՝ ջրատարածքից հնարավոր գրոհները կանխելու նպատակով:

 

«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին ավստրալական Բրիսբեն քաղաքում: Գագաթնաժողովի բացումը կկայանա նոյեմբերի 15-ին, ընդ որում՝ առավոտյան՝ մինչեւ պաշտոնական արարողության սկսվելը, «քսանյակի» երկրների ղեկավարները կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում, որպեսզի քննարկեն համաշխարհային տնտեսության վիճակը, գոյություն ունեցող ռիսկերը, սպառնալիքները եւ դրանց հաղթահարման հնարավորությունները:

 

Բրիսբենի գագաթնաժողովին, բացի 19 անդամ երկրներից, որոնց ընդհանուր առմամբ բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 80 տոկոսը, հրավիրված են նաեւ Իսպանիան, Մավրիտանիան, Մյանման, Նոր Զելանդիան, Սենեգալը, Սինգապուրը եւ միջազգային հանգուցային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բրիսբենում ընդունվել են հասարակական տրանսպորտի երթեւեկության նոր կանոններ: Առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքային ավտոբուսները չեն երթեւեկելու քաղաքի կենտրոնով անցնող սովորական ուղեգծերով. դրա փոխարեն ուղեւորներին կհասցնեն հատուկ կազմակերպված փոխատեղման կայաններ այն շրջանի մերձակայքում, որտեղ գտնվում են Բրիսբենի ցուցահանդեսային կենտրոնը եւ գագաթնաժողովի մյուս գլխավոր օբյեկտները: Այն ուղեւորները, որոնք ցանկանում են հասնել այդ շրջան, պետք Է օգտվեն հատուկ փոխադրամիջոցից, ընդ որում սահմանափակված մի շարք գոտիներ հնարավոր կլինի անցնել միայն անցաթղթերով եւ հավատարմագրերով:

 

Ըստ կազմակերպիչների տվյալների՝ Բրիսբենի գագաթնաժողովին պաշտոնական պատվիրակությունների կազմում կժամանի շուրջ 5,3 հազար մարդ, իսկ նրա աշխատանքը կլուսաբանի մոտավորապես 2,3 հազար լրագրող:

 

Բրիսբենը Ավստրալիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն Է (այնտեղ ապրում Է շուրջ 2,2 մլն մարդ) եւ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Քվինսլենդի նահանգի մայրաքաղաքը: Իշխանություններն առաջիկա ուրբաթ օրը՝ նոյեմբերի 14-ը, այսինքն՝ գագաթնաժողովին նախորդող օրը, հայտարարել են հանգստյան օր, եւ բազմաթիվ բնակիչներ պլանավորում են օգտվել երկար ուիքենդից, որպեսզի քաղաքից մեկնեն ոչ հեռու գտնվող Գոլդ Կոստի եւ Սանշայն Կոստի լողափեր (Ավստրիայում նոյեմբեր ամիսը գարնան վերջին ամիսն Է):

 

«Քսանյակի» կազմի մեջ մտնում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: