Հայաստանում տեղի է ունենում քաղաքական ուժերի վերադասավորում։ «Եռյակն՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի, հանրահավաքներ անցկացնելով, մարզերում ժողովրդական շտաբներ հիմնելով՝ սկսել են նախապատրաստվել 2017թ. խորհրդարանական ընտրություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հավելեց, որ վերը նշված քաղաքական ուժերը տրամադրված չեն հեղափոխություն իրականացնել։
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, փաստացի, ՀԱԿ-ից և «Ժառանգություն»-ից «ձեռք բերեց» ժողովրդի շահերը պաշտպանելու բրենդը»։ «Այժմ ԲՀԿ-ն, ունենալով այս բրենդը, կարող է հանդես գալ նաև որպես ժողովրդական ճակատ»,- ասաց նա և հավելեց, որ բնական է համարում եռյակի մյուս անդամների դժգոհությունը, քանի որ ԲՀԿ-ն օգտագործեց նրանց իր նպատակին հասնելու համար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարել էր, որ ստեղծվելու են «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը, նոյեմբերի 6-ին կայացած նիստում, որոշել է համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու նպատակով՝ տրամադրել կուսակցության Երևանում և մարզերում տեղակայված գրասենյակները, ինչպես նաև խորհրդակցել ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների հետ ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ՝ համաժողովրդական շարժման համակարգված գործունեությունն ապահովելու համար: