Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է տղամարդկություն ունենա իրենց ԱԳՆ հայտարարության միջոցով բացահայտելու ամբողջական ճշմարտությունը: «Նրանք ուղղակի պետք է տղամարդկություն ունենան ասելու ճշմարտությունը եւ իրենց հայտարարության մեջ մի տող էլ ավելացնեն: Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զի նուժի համար. դա իրականություն է եւ գործում է 1994 թվականից: Մենք գիտենք, թե մեր ռազմաօդային թռիչքներից ինչքան վնասներ է կրել իրենց հակաօդային պաշտպանությունն այն ժամանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ այն հատվածում, որտեղ նոյեմբերի 12-ին ընկել է հայկական անզեն ուղղաթիռն ամբողջ գիշեր եղել է թշնամու կրակահերթի տակ:

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը:

 

Նոյեմբերի 13-ին Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը: