Նոյեմբերի 23-ին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողի դիակ էր հայտնաբերվել: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ սահմանին հայտնաբերված ադրբեջանական կողմի դիակները հայկական կողմը մշտապես հանձնել է:  

«Մենք միշտ վերադարձնում ենք դիակները, այս դեպքը բացառություն է, պարզապես դրա համար նախ հարկավոր է հետաքննություն անցկացնել, որպեսզի այնպես չլինի, որ ասեն՝ հայերն են սպանություն կատարել: Ժամանակ է հարկավոր բոլոր գործընթացները անցկացնելու համար, որպեսզի հակառակորդը չկարողանա շահարկել հայերի անունը և չփորձի մեղադրել հայկական կողմին»,- ասաց նա: 

Հիշեցնենք՝ դեռևս 2014 թ. նոյեմբերի 12-ին, երբ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, օրեր շարունակ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով հայկական կողմին՝ մոտենալ խոցված ուղղաթիռին: Ի վերջո, հատուկ գործողության մասնակիցներին հաջողվեց վերցնել դիակները: Դիտարկմանը՝ ինչու մենք նմանատիպ պատասխան չենք տալիս ադրբեջանական կողմին, Բաբայանն այսպես պատասխանեց. «Դա հասարակ մարդկային մոտեցում է և բարոյական, իրավաբանական տեսանկյունից՝ ճիշտ չէ դիակները չհանձնելը: Մենք չենք կարող թշնամու նման անմարդկային վերաբերմունք ցուցաբերել»:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ սահմանին հայտնաբերվածը Նախիջևանի Սադարակի շրջանից զորակոչված Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի դին է: Ինչպես փաստում է հակառակ կողմի ՊՆ-ն, զինծառայողը ռազմական հանցագործություն կատարելուց հետո ինքնակամ լքել է ծառայության վայրը: 

Բաբայանի խոսքով՝ սա խայտառակություն է ադրբեջանական բանակի համար, սակայն առաջին դեպքը չէ. «Հրամանատարական կազմի ներկայացուցիչը, ոչնչացնելով իր զինակիցներին, ենթականերին, ընկերներին, որոնք իր հետ միասին «պաշտպանել են» հայրենիքը, փախել է՝ գերադասելով հայկական սահմանը: Սա ինքնին խայտառակություն է Ադրբեջանի համար, սակայն նման դեպքեր բազմիցս լինում են այնտեղ, պարզապես քողարկվում են: Այս անգամ ևս հակառակորդը ամեն ինչ անում է քողարկելու համար, որպեսզի բարդի հայկական կողմի վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի թե՛ քաղաքականապես, թե՛ տեխնիկապես անհնարին լինի իրականացնել նրանց այս ծրագիրը: 

Նա նկատեց՝ ադրբեջանական բանակում տեղի ունեցող մասսայական սպանությունները ցույց են տալիս նրանց բանակի բարոյահոգեբանական վիճակը, կազմակերպման մակարդակը, կառավարման փիլիսոփայությունը և այնտեղ տիրող իրավիճակը:

Սոնա Հարությունյան